Դինքի սպանության թեմայով Մեջլիսում Փայլանի ելույթի արձանագրությունից հանվել են հայերեն արտասանված «Աստված հոգին լուսավորե» բառերը
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի՝ նախօրեին երկրի Մեջլիսում Հրանտ Դինքի սպանության թեմայով ելույթի արձանագրությունից հանվել են հայերեն արտասանված «Աստված հոգին լուսավորե» բառերը:
Ինչպես փոխանցում է թուրքական t24.com.tr կայքը, Փայլանի ելույթի այս հատվածը արձանագրության մեջ նշվել է X տառով:
Նախօրեին Փայլանը գրավոր առաջարկ էր ներկայացրել խորհրդարան՝ պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր ՀրանտԴինքի մահվան սպանությունն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով կազմելու առաջարկով:
Իր ելույթի վերջում Փայլանը նշել էր. «Շատ ապրես, Հրա՛նտ: Աստված հոգին լուսավորե»:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: