Որ իմանամ՝ երթով կլուծվի, հարյուր անգամ երթ կանեմ, պարզապես լուծումներն այլ տեղում են. Մ. Մելքումյանը՝ թանկացումների դեմ նախատեսվող երթի մասին
«Ծառուկյան» խմբակցությունը դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է թանկացումների դեմ «Ելք»-ի նախաձեռնած երթին, թե ոչ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Մենք այդ հարցը չենք քննարկել: Հարգում ենք «Ելք»-ի մեր գործընկերների դիրքորոշումը: Իրենք գտնում են, որ դա է ճիշտը, մենք հարգում ենք: Կարծում եմ, որ լուծումները պետք է լինեն: Չեն կարող լուծումներ չլինեն: Ես միանձնյա իրավունք չունեմ ասելու՝ կմիանանք, թե ոչ, չենք քննարկել այդ հարցը, բայց մի բան ասեմ. եթե իմանամ, որ երթից գները իջնելու են, կանենք, բայց հաստատ գիտեմ, որ դրանով չի լինի»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Հարցին՝ նկատի ունի, որ հանրային ընդվզումն անարդյունավետ է, պատգամավորը պատասխանեց. «Կա՛մ անում ենք, կա՛մ չենք անում, այստեղ մտածելու խնդիր չկա: Այսքան ժամանակ, որ հանրային ազդեցություններ են եղել, քանի՞ անգամ եք տեսել, որ ասեն՝ ռեժիմ սենց եղիր ու եղել է: Չի եղել չէ՞: Ես հարգում եմ, եղանակի կանխատեսմամբ չեմ ուզում զբաղվել, բայց որ իմանամ՝ երթով կլինի, հարյուր անգամ երթ կանեմ: Պարզապես կարծում եմ, որ լուծումներն այլ տեղ են ու այլ ձև: Ուրախ կլինեմ, որ երթ լինի ու հարցը լուծվի, բայց չգիտեմ՝ դրանով կլինի, թե ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում։