ԲՀԿ–ն չի մտնելու մի գործընթացի մեջ, որտեղ նա պարտություն է ունենալու. Վ. Էնֆիաջյանը` Արտակ Զեյնալյանի թեկնածությունը սատարելու մասին
Իրականում, «Ծառուկյան» խմբակցությունը «Ելք»-ից նամակ ստացել է, Գագիկ Ծառուկյանին նամակը չի հասել և չստանալու պատճառը զուտ տեխնիկական է եղել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն` անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրականությանը չի համապատասխանում այն, որ Ծառուկյանը չի ստացել իրենց նամակը` կապված նախագահի իրենց թեկնածուին աջակցելու հետ:
«Վստահեցնում եմ՝ ՀՀ-ում տեղի ունեցող յուրաքանչյուր կարևորագույն գործընթացի հետ կապված անձամբ պարոն Ծառուկյանը տեղեկացված է լինում, այս գործընթացի հետ կապված էլ պարոն Ծառուկյանը մեկնաբանել է Գյումրիում, և լրագրողներին ներկայացրել է մեր դիրքորոշումը՝ տվյալ հիմնախնդրի հետ կապված»,- ասաց Էնֆիաջյանը:
Հարցին` դիրքորոշումն այն է, որ դուք թեկնածու չեք առաջադրում, ընդդիմադիր մյուս թեկնածուին չեք սատարում, հնարավո՞ր է՝ ՀՀԿ-ի թեկնածուին սատարեք, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Ծառուկյան» խմբակցությունը ունի 31 մանդատ «Ելք»-ը` 9, մեր մանդատները միասին վերցրած հավակնություն չունենք: Մի բանի մեջ ներգրավվել, գործընթաց սկսել, որի մեջ դու հավանականություն չունես հաջողություն ունենալու, ի սկզբանե դատապարտված է ձախողման, մենք նման գործընթացի մեջ մտնելու ցանկություն չունենք»,- ընդգծեց նա:
Էնֆիաջյանը սա չի համարում պայքարից հրաժարվել, որովհետև կարծում է, եթե ժողովրդին ներկայացնեն, որ թեկնածու ունեն ու գնում են պայքարի, ապա ժողովուրդը սկսելու է սպասելիքներ է ունենալ, որը կարող է չարդարանալ. «Ծրագրեր պետք է ներկայացնենք, իսկ դրանից հետո ի՞նչ է տեղի ունենալու, միանշանակ իշխանական թեկնածուն հաղթելու է, ստացվելու է` ընդդիմությունը պարտվեց: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մտնելու մի գործընթացի մեջ, որտեղ նա պարտություն է ունենալու»,- շարունակեց Վահե Էնֆիաջյանը:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղարը, խոսելով ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորության մասին, ասաց, որ որևէ մեկին սատարելու հարց այս պահին չեն քննարկում, եթե նմանատիպ հարցեր լինեն, ապա հրապարակային կներկայացնեն: