Թուրքիայի ԶՈւ-ի ներկայություն Սիրիայում անընդունելի է և որևէ արդարացում չունի. Սիրիայի փոխարտգործնախարար
Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆայսալ Միքդադը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈւ-ի ներկայությունն իրենց երկրի տարածքում անընդունելի է և որ որևէ արդարացում չի կարող ունենալ, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը:
«Դա ոչ մի արդարացում կամ բացատրություն չի կարող ունենալ: Թուրքիայի իշխանությունները պետք է ետ քաշեն իրենց ուժերը մեր տարածքից և չխառնվեն մեր ներքին գործերին», - ասել է սիրիացի պաշտոնյան:
Միքդադը քննադատել է նաև Սիրիայի հյուսիսում կռվող քրդական ազգային զինված ջոկատներին, որոնք համագործակցում են ԱՄՆ-ի հետ: Սիրիայի փոխարտգործնախարարը դա անվանել է դավաճանություն, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի կողմից քուրդ զինյալների ներառմամբ «Սիրիայի սահմանային պաշտպանության ուժեր» անվամբ նոր զորամիավորման ստեղծումը համարել Սիրիայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության կոպիտ խախտում:
Ավելին՝ Միքդադի կարծիքով հյուսիսում քուրդ զինյալների ներկայությունն ու նրանց գործողությունները «դուռ են բացում» թուրքական հարձակման համար: