Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Январь
2018

Ամենաճշմարիտ բառերն անասելի են՝ ահա ինչու երկնքից երկիր իջավ երաժշտությունը. անտիռաբիսի մատրիցան

0

Ամենաճշմարիտ բառերն անասելի են, ամենանուրբն անպատմելի է, ամենակարևորին խոսքը չի կարող դիպչել՝ ահա ինչու երկնքից երկիր իջավ մեծագույն առեղծվածը՝ երաժշտությունը: Ջուրը դասական նոտաների տակ բյուրեղներ է պատկերագրում: Իսկ աղմուկն աղավաղում է նրա բյուրեղյա դեմքը։ Ցորենը դասական մեղեդու ուղեկցությամբ մեկ ամսվա ճանապարհն անցնում է տասն օրում։ Հները կարողանում էին աններդաշնակ երաժշտությամբ քայքայել մարդուն, մահապատժից առաջ պարտադրել քաոտիկ ռիթմեր՝  մարդուն հասցնելով խելագարության: Հին հունական ձեռագրերը վկայում են, որ քաղցրալեզու և ծորուն մեղեդիներ արձակող սիրենները՝ կին թռչունները, հմայելով էին սպանում։

Իսկ երաժշտական ընտրյալ հնչյունախումբը կարող է վերականգնել մարդու իմունային համակարգը, խթանել գլխուղեղի աշխատանքը, բուժել նևրոզները, անգամ շիզոֆրենիան թեթևացնել:

Ահա ինչու՝ Ֆաշիզմը սկսվեց հայտնի քայլերգով: 6/8-ը կրկնում է այդ քայլերգի ռիթմերը: Երբ ռաբիսի ենթամշակույթն իր բնից դուրս է գալիս դեպի հոծ հրապարակներ, դադարում է ուղղակի երաժշտական ձև ու ճաշակ լինելուց. դառնում է  կենսաձև, արժեհամակարգ, քաղաքականություն:

Մարդը նախ շնչառություն է, ձայնի, հնչյունի և լռության շնչառությունը: Եվ երբ խաթարվում է այս «սուրբ երրորդության» ներդաշնակ միջավայրը, մարդուն տիրում են ցածրակարգ բնազդները: Պատահական չէ, որ բոլոր հեղափոխությունների մեծ ամբոխավարներն ունեցել են իրենց 6/8-ը, որի արտանետած սթրես-հորմոնների մատրիցան հաշված րոպեներում կարող է խլել զանգվածի բանականությունը՝ նրան վերածելով անուղեղ և կամակատար ամբոխի:

«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծի բեմն այսօր հայկական երաժշտարվեստինն է. 7 հարց աստվածային 7 հնչյունների տիրակալներին:

1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը /արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով/:

Նարինե Դելալյան
- Ցանկալի կլիներ տեսնել, որ երաժշտության բնագավառում իրոք կա լայնաշունչ ծրագիր՝ բաղկացած տարբեր ենթածրագրերից, որոնք բոլորը ուղղորդված են դեպի ամենամեծ նպատակը։ Կան կառույցներ, որոնք շնորհիվ իրենց ղեկավարների՝ գործում են լավ կամ բավարար, մյուսները՝ ավելի քիչ արդյունավետ են, կան որ բացառապես մեռած վիճակում են։ Եվ քանի որ թվեր չեմ սիրում ՝ ասեմ բառերով. գնահատում եմ միջին։

Խաչատուր Մելիքյան-1986թ.-ից, մոտ երկու տարի աշխատելով գյուղական դպրոցում, որևէ պետական աջակցություն չեմ տեսել, որը կարելի էր և պետք էր տալ սկսնակ գյուղական ուսուցչին:

Այստեղ՝ Միացյալ Նահանգներում պետական աջակցությունն ակնհայտ է. ուսուցչին տրամադրում են մասնագիտական լայն հնարավորություններ.

1. Կցում են փորձառու ուսուցչի կամ խմբի, այսպես կոչված մենթորի կամ մենթորներիների,

2. Տարվա ընթացքում ուղարկում են վերապատրաստման դասընթացների,

3. Տրամադրում են համակարգիչ, ծրագրեր, գրենական պիտույքներ, մասնագիտական գրականություն,

4. Քննադատությունն առարկայական է ու ժամանակին համընթաց՝ հիմնականում հեռու անձնականից։

Գնահատականը Լոս Անջելեսի համար, ուր աշխատում եմ, 10-ը  բալ:

Եղիշե Պետրոսյան-  Լավ է ասված` մասնագիտական ոլորտ: Շատ կուզեի ինքս, գոնե ինձ համար, պարզել, թե որն է, ի վերջո, պետական քաղաքականության պատասխանատու այս «անփոխարինելի» իշխանությունների առաքելությունը: Մեր իրականության մեջ ավելի  կսազեր մասնատիրական ոլորտ բառակապակցությունը, քանի որ քվոտաներով բաշխվում են բոլոր ոլորտները և հանձնվում յուրայիններին՝ անխնա կեղեքման:                                                               

Ես մեր երկրի պատական քաղաքականությունը գնահատում եմ որպես անարդյունավետ, անպատասխանատու, անհեռատես, անգամ՝ վնասակար:

Եթե ինչ-որ ոլորտում էլ նշմարվում են դրական միտումներ, ապա դա հաստատ անհատ նվիրյալների տառապանքի և համառության արդյունքն է:

Լիլիթ Հովհաննիսյան-  3 բալ (լացս գալիս է) 

Սրբուհի Ստամբոլցյան-Աշխարհի զարգացած երկրներում մշակույթը չի օգտվում պետական հովանավորությունից: Եվ դա ճիշտ է: Սակայն Հայաստանի այսօրվա իրականությունը պարտադրում է դա: Արդի երգարվեստում, ցավոք, ոչ մի պետական քաղաքականություն էլ չի տարվում: Եվ, կարծում եմ, կհամաձայնեք, որ ամենաազդեցիկ ու հոծ զանգվածներ ընդգրկող ոլորտն է, որը սերունդ դաստիարակելու փոխարեն` մի քանի հոգու թրքացած ճաշակի կամակատարն է դարձել: Զրո, եթե զրոն ընդունելի նիշ է:

2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որ խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:



Նարինե Դելալյան-Վստահ եմ, որ այս խնդրի բուն պատճառը պետք է փնտրել կրթության մեջ։ Երիտասարդը, ով որպես մասնագետ դուրս է գալիս ԲՈՒՀ-ից, իր գիտելիքներով, մտահորիզոնով, իր մտքերով, նաև աչքերի արտահայտությամբ պետք է տարբերվի ոչ մասնագետից։ Մենք ունենք մեկը մյուսին շաղկապված խնդիրներ, որոնց առկայությունն էլ խոչընդոտում է առաջընթացը։ Որքանո՞վ է ապահովված բարձրակարգ ուսումը։ Այս խնդիրը միայն երաժիշտներին չի վերաբերվում։ Սա մեր կաղող, հնաբույր կրթական համակարգի ընդհանուր վիճակն է, որը վերանայման ու թարմացման կարիք ունի։ Անշուշտ, խոսքս բոլորի մասին չէ, բայց նաև նորություն չէ, որ բացառիկ անհատականություններ, սեր ու հարգանք վայելող դասախոսների կողքին կան նաև նրանք, որոնք մնացել են 60-ական թվականներին, որը բնականաբար չի կարող զուգահեռ քայլել այսօրվա պահանջների հետ։ Իսկ երիտասարդ սերնդի որակական պատրաստվածության հարցում պատասխանատուն նախ և առաջ ավագ սերունդն է։ Դասախոսի գործն էլ, երանի, կարևորված լինի այնքան, որ փոխհատուցումն էլ աշխատավարձի ձևով լինի արժանավայել։ 
Այս փոքրիկ երկրում թվով մեծ, շնորհալի, տաղանդավոր երիտասարդներ ունենք։ Նրանց մասնագիտական բարձրակարգ դրսևորման համար անհրաժեշտ է հնարավորություններ, մթնոլորտ ապահովել։ Երաժիշտների դեպքում՝ հնարավորություններ ստեղծել, որ տաղանդավոր երիտասարդները շփվեն մեծ աշխարհի հետ, նրա մասնիկը լինեն։ Օրինակ՝ հնարավորություններ տալ, որ նրանք մասնակցեն միջազգային մրցույթների, այլ միջոցառումների, որոնք կհարստացնեն նրանց գիտելիքներով, փորձով։ Հաճախ մեր երեխաները դուրս են մնում նման հնարավորություններից ֆինանսական աջակցություն չունենալու պատճառով։ Սա աններելի է։ Կան տարբեր միջազգային երիտասարդական հավաքովի նվագախմբեր, որոնք կազմվում են տարբեր երկրներից ընտրված շնորհալի երաժիշտներից։ Այդ նվագախմբերում լինում են հայեր, բայց երբեք հնարավոր չէ տեսնել Հայաստանից ընտրվածների։ Աշխարհի հետ շփվելն է պակասում մեզ, որպեսզի մեր գերագույն նպատակներն էլ լինեն այդ մակարդակների վրա։

Խաչատուր Մելիքյան -Հիմնական գերխնդիրը ծնողներին ներգրավելն է աշակերտների ակադեմիական կյանքում։ Մարդիկ զբաղված են, ոմանք աշխատում են 2 կամ 3 տեղ, ժամանակ չունեն երեխային հետևելու։ Մեկ այլ խնդիր է նաև աղքատության հարցը. կան ծնողներ, ովքեր չեն տիրապետում ժամանակակից տեխնիկային, և նրանց հետ այդ առումով ժամանակ անցկացնելը թեև աշխատատար, բայց ճիշտ ու դիպուկ ներդրում է:

Եղիշե Պետրոսյան-Մեր երկրի ամենակենսական խնդիրն առաջին հերթին այս քրեաօլիգարխիկ իշխանության լծից  րոպե առաջ ազատագրվելն է:

Այսպիսի իշխանությունը փորձանք և սպառնալիք է ցանկացած պետականության համար:Այն անհամատեղելի է արդարության և ազատ մրցակցային տնտեսության հետ և լուրջ խոչընդոտ է հզոր,արդար,բարեկեցիկ պետության կայացման երազանքի իրագործմանը : Նրա կենսունակության միջավայրը չքավորությունն է, վախի, խաբեության, զոռբայության մթնոլորտը: Եվ այստեղ ոչ մի նշանակություն չունի ոլորտը, քանի որ պետության կենսագործունեության բոլոր օղակները պարտադիր պետք է գործեն ներդաշնակ և փոխկապակցված:  Կիսամեռած տնտեսության և անիրավության պայմաններում ո՛չ կրթություն կկազմակերպվի, ո՛չ գիտություն կզարգանա, ո՛չ մշակույթ կարարվի, էլ չեմ խոսում  անվտանգության ապահովման մասին:

Լիլիթ Հովհաննիսյան-  Ընդհանուր ապատիկ իրավիճակ է, իհարկե, բայց կան մեր միջավայրում անհատներ, որոնց ջանքերով կհաղթահարվի այս գաղջը։ Առաջին հերթին ժողովրդի ներքին սոցիալական խնդիրները պիտի լուծվեն։

Սրբուհի Ստամբոլցյան-Իսկապես տաղանդավոր ստեղծագործողը հնարավորություն չունի ներկայանալու մեծ հանդիսատեսին:Ամեն ինչ կախված է արհեստականորեն ուռճացված գներից, դրանք էլ խոչընդոտում են գովազդ ու մեծ լսարան չունեցողների մուտքը ասպարեզ: Հասկանում եմ, որ շատ դժվար է կամ անհնարին օտար, զզվելի մեղեդիների ախտորոշումն ու արգելումը ԶԼՄ-ներում, բայց չէ՞ որ, եթե գործեր լեզվի օրենքը, կպակասեին գոնե այլանդակ «հայերենով» հնչող երգերը: Իսկ դա հնարավոր է ու հեշտ: Պիտի գործի լեզվի մասին օրենքը: Եվ ոչ միայն իմ ասպարեզում, այլ՝ ամենուր:

3. Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով` մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր /էլիտաներ/, և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:

Նարինե Դելալյան
-Եթե համայնք ասելով նկատի ունենք սովետական ժամանակներից մնացած միությունները, ապա ՝ ո՛չ, դրանք մեռած կազմակերպություններ են։ Անհատ ստեղծագործողի դեպքում ՝ նույնպես ո՛չ։ Նա իր գործն է անում։ Իսկ ամբողջությամբ վերցված, որպես կյանքի ամբողջական բնագավառ, ուրեմն ՝ այո։ Կունենանք լավ թե վատ համայնք ՝ կախված է , թե ինչ բաղադրությունից է կազմված համայնքը։ Սակայն, կարծում եմ, ոչ մի բնագավառ առանձնացված չի կարող գոյություն ունենալ։ Մի բնագավառը երբեք փայլուն չի կարող լինել, եթե իր կողքին կա ժամանակից հետ մնացած մեկ այլ ոլորտ։ 

Իսկ բարձրակարգ էլիտա մենք չենք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ կշարունակվի խնամիադրացիական, թայֆայական խմբակցությունների գոյությունը մեզանում։ Կշարունակվի այնքան, մինչև ամեն մարդ չզբաղեցնի իր  համապատասխան տեղը։ Կշարունակվի, եթե չգիտակցենք, որ ամեն ասված մասնագիտական ծանրակշիռ խոսք, նախ և առաջ, իր խղճի առաջ պետք է մաքուր լինի։ Որ խմբավորումներով հավաքվելով ու իրար նկատմամբ ամպագորգոռ բառեր շռայլելով ոչ մի տեղ չենք հասնի։ «Հանճարեղ» բառը համարյա չօգտագործենք։ Ամեն գրված սովորական գրքի համար սուտ խոսքեր չասենք, թե նոր էջ է բացել գրական պատմության մեջ և այլն։ Կշարունակվի, եթե իսկական տաղանդավորը, որը համեստ է և իրեն մաքուր է պահում այդ հարաբերություններից ՝ մնա անտարբերության մեջ, անտեսված։ 

Խաչատուր Մելիքյան -Համաձայն եմ. խոչընդոտներից թերևս ամենագլխավորը ուսուցչի ցածր վարձատրությունն է։ Ուսուցչի համար դրամից բացի երևի ավելի կարևոր նախադրյալ է խրախուսանքը։ Նրան տրվող խրախուսանքն ամենալայն իմաստով փոխանցվում է աշակերտին, նոր եռանդ ու ավյուն տալիս ընդհանուր մթնոլորտին:

Ուսուցիչ չեն դառնում հարստանալու համար՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Միացյալ նահանգներում։ Մեծամասամբ դա կոչում է։ Սրա մասին կարելի է երկար գրել։ Ուսուցչի դերը պետք է ամեն ձևով ընդգծվի, եթե սերունդ կրթելու հարցը նրա (նրանց) ձեռքին է։



Եղիշե Պետրոսյան-Մեր պայմաններում մասնագիտական ցանկացած համայնք, որը սնվում է բյուջեից, ուղղակիորեն կախված է իշխանությունների քմահաճույքից և նրանց կամակատարն է: Այստեղ կխրախուսվի հարմարվողականությունը, ստորաքարշությունը, ծառայամտությունը, նաև միջակությամբ հիանալը: Անհնար է, որ այդպիսի համայնքում ձևավորվի  պատասխանատու և կոմպետենտ իրական ընտրախավ: Իրական ազգային էլիտայի ձևավորման հրամայականը վաղուց է թևածում հայոց երկնքում:

Լիլիթ Հովհաննիսյան - Այո՛, պատասխանատու է, բայց ներքին թշնամին նպատակասլաց կերպով արգելք է հանդիսանում․․․ Նախ` ազգի առողջ հսկայական հատվածը դրսում է ու անընդմեջ դուրս է մղվում ։ Ազգը` որպես օրգանիզմ, լիարժեք չի, չի հասցնում վերականգնվել։

Սրբուհի Ստամբոլցյան-Համայնքները ստեղծվում են «վերնախավի» հովանավորչությամբ, և այնտեղ, անշուշտ, սիրեկանա-բարեկամական ընտրությունն է գործում: Քանի՞ համայնք գիտեք, որ կազմված են գրագետ շնորհալիներից: Ես՝ ոչ մի: Եվ անգամ ամենահարգի անհատն ի զորու չէ պայքարելու այդ ընտրյալ «կալոդայի» դեմ: Նա գոհանում է մի կերպ ի՛ր գործն առաջ տանելով:

4. Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:

Նարինե Դելալյան
- Դրանք հենց ամենալավ դասերն են, որոնք, եթե գիտակցում ենք, ուրեմն դառնում են ամենաօգտակարները։  Դրանք իմ թերությունների հետ բախումներն են եղել։ Ամեն ինչ կարելի է շտկել, միգուցե, չզլանալով և անդադար կատարելագործվելով ոչ միայն կոնկրետ մասնագիտական իմաստով, այլ՝ ընդհանրապես։ Իսկ դա օվկիանոսի մեջ մտնելու պես մի ընթացք է, որտեղ որքան խորանում, այնքան վերջն ավելի անտեսանելի է դառնում։ 
Իսկ խթանման կարևորագույն գործոնը նորարար գաղափարների առջև դռները չփակելն է, եթե այն անգամ անհասկանալի է դուռ փակողի համար։ Եթե այն ապրելու է դատապարտված, ուրեմն՝ կապրի։ Եթե արժանի չէ ապրելու, ուրեմն այնտեղ էլ կմնա։

Խաչատուր Մելիքյան -Դժվար հարց է, քանի որ «ամենաարժեքավոր» դառը դասերն անհամար են: Հաճախ ես մտորում`արդյոք մոտ 10-ը տարի դպրոցում սովորելուց հետո ինչի՞ ես հասել... Հետո հիշում ես, որ այս մասնագիտությունը աշխարհի ամենաազնիվ, ամենաբարի, ամենա ամենա մասնագիտություններից մեկն է։ Ամենադառը դասը քաղել եմ, երբ 12-րդ դասարանի մի չարաճճի  աշակերտ ինձ նախատեց, երբ նյարդայնացած էի իր կոպիտ սխալի համար (մարիխուանա էր ծխել դպրոց գալուց առաջ), ու մի քանի անգամ կրկնեցի՝ «դու գիտե՞ս, թե մայրդ ինչ կանի, եթե իմանա քո վիճակի մասին»... Ասաց՝ Մելիքյա՜ն, մայրս վաղուց մահացել է... Ստիպված էի ներողություն խնդրել ասածիս համար. անհատական և խիստ անձնական օրինակ բերեցի։ Ընդհանրացնելով՝ ասեմ, աշակերտների համար մենք ոչ թե «դասատու» ենք, այլ երկրորդ ծնող, անձ, որին ծնողը վստահել է կյանք մտցնել իր համար աշխարհում ամենաթանկ էակին, ու մենք պարտավոր ենք չափազանց զգույշ լինել աշակերտի հետ վարվելիս... Ճանաչենք բոլոր այն երեխաներին, ում դասավանդում ենք, կամ ում հետ առնչություն ունենք, և դուրս գանք «դասատուի» դերից, ուսուցիչը շատ ավելի լայն հասկացություն է: Իսկ մասնագիտական առումով հետևյալ առաջարկը կանեմ, որ սկսել եմ խորը ուսումնասիրել վերջին մի քանի ամիսներին։ Արևմուտքում, հետզհետե, մեծ տարածում է գտնում այսպես կոչված «ոչ ավանդական» դպրոցի գաղափարը։ Շատ են խոսում առարկաների (գիտելիքների) մասին, որ երեխային երբևիցե պետք գալ չեն կարող, և ուժեղ շարժում կա՝ ավելի կենտրոնանալ այնպիսի առարկաների վրա, որ երեխային կարող է պետք գալ կյանք մտնելիս։ «Անպետք» համարվող առարկաները, ի վերջո, կարող են դուրս մնալ ուսուցողական ծրագրերից. սա դեռ ուժի մեջ չէ, բայց հզոր շարժում կա այս առումով: Խոսքը, իհարկե, բարձր դասարանների աշակերտների մասին է։  Առաջարկներ կան ընդհանրապես ձերբազատվել ավելորդ համարվող առարկաներից, և ուշադրությունը սևեռել աշակերտներին տարբեր մասնագիտությունների հետ ծանոթացնելու վրա, որպեսզի երեխան կարողանա ճիշտ ընտրություն կատարել՝ ըստ նախասիրության կամ իր տնտեսական օգտակարության: Այդ առումով կարևորում են հմուտ խորհրդատուների դերը դպրոցում։ Խորհրդային տասնամյա դպրոցում նման հաստիք չկար, իսկ արևմտյան դպրոցներում հիմնականում քոլեջ խորհրդատուներ են աշխատում։ Առաջարկ կա մասնագիտություն ընտրելու խորհրդատուներ ընդունել աշխատանքի՝ բարձր տարիքի աշակերտներին ավելի առարկայական օգնություն ցույց տալու համար։ 

Եղիշե Պետրոսյան-Իմ ամբողջ շնորհքն ու եռանդը, թանկագին ժամանակս անընդհատ և նվիրումով ծառայեցրել եմ ում ասես, բացի ինձանից: Ինչ-որ տեղ մեղադրում եմ ինձ :

Իսկ ելքային լուծումների մասով նայեք՝  հարց 2. առաջին պարբերություն։



Լիլիթ Հովհաննիսյան- Միակ ճանապարհը` հանել, փրկել ժողովրդին այս ցածր կենցաղից, ցածր կենցաղը ոչնչացնում է մարդու ներաշխարհը․․․ Պիտի ազատվել ներկայիս չարիքից,   որ Արվեստն էլ հող ունենա ծիլեր տալու:

Սրբուհի Ստամբոլցյան- Թեթև երաժշտության ոլորտը ճիշտ չի լինի համեմատել ու մշակույթի մյուս ճյուղերի հետ և նույն սանդղակին  դնել: Այստեղ որոշիչ դերը խաղում է մեծ զանգվածը, որի ճաշակն այս վերջին տասնամյակների ընթացքում այնպես են խեղել, որ չեմ էլ պատկերացնում, թե առանց արգելքների ու պետական միջնորդության, ինչ ժամանակում ու ինչպես կարելի վերականգնել: Իսկ մրցակցության մասին խոսք լինել չի կարող: Ինչի համար վճարում են, այն էլ ստանում ենք: Եվ ոչ միայն մշակույթի բնագավառում… մեր բոլոր խնդիրների լուծումը տեսնում եմ միայն առողջ ու գիտակից, մարդավայել հասարակության ձևավորմամբ:

5. Արդյոք պատրա՞ստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:

Նարինե Դելալյան
-Ես հակված եմ հավատալու, որ մեր ամենօրյա, դեպի առաջ տանող քայլերով է հնարավոր փոփոխությունների հասնել մեր կյանքում։ Ամենօրյա կռիվ տալու՝ այո՛, պատրաստ եմ։ 
Մյուս կողմից էլ ուզում եմ հիշել, թե պատմության մեջ քանի արվեստագետ է ապրել այնքան ապահով և բարեկեցիկ կյանքով, որ դրանից հրաժարումը էական օգուտ տա երկրին։ Կասկածում եմ։ Փոխարենը` եթե մեր մի քանի մեգահարուստների գրպանները թափ տանք, ապա այո՛, դրանից Հայաստանը բավական օգուտ կքաղի։

Խաչատուր Մելիքյան -Դժվարանում եմ պատասխանել։ Երբ 2006-ին ժամանել էի Հայաստան՝ ուսուցիչների համահավաքին, պատահաբար հանդիպեցի մի նախարարի. չգիտեի որ նախարար է, հետո պարզվեց։ Նրան ասացի, թե երազանքներիցս մեկն իմ հարազատ 114 դպրոցում դասավանդելն է, վերադարձնելը այն, ինչ ստացել եմ իմ հարազատ ուսուցիչներից 1969-ից մինչև 79 թվականներին, որոնց ներդրման արդյունքում կարողանում եմ գլուխս պահել օվկիանոսից այն կողմ: Ասաց՝ երևան գալու հաջորդ իսկ օրը աշխատանքի կանցնես քո դպրոցում։ Հետո պարզվեց,  որ նախարար է։ Կարծում եմ՝  դրսում ձեռք բերած փորձս  շատ օգտակար կլինի Հայաստանի ցանկացած դպրոցին, քանի որ բացի մասնագիտական գիտելիքներից, նաև վերջապես սովորել եմ ճանաչել, տնտղել աշակերտների  հոգիները, սատար կանգնել նրանց,  եթե ոչ բոլոր, գոնե մի շարք գլխավոր խնդիրների լուծմանը։

Եղիշե Պետրոսյան-  Ես այդ ճանապարհով անցել եմ, դառնություններն էլ ճաշակում եմ: Եվ դեռ շարունակում եմ անցնել ինձ հարազատ և հասու  ճանապարհով:                                            Ուղեղս և խիղճս ներդաշնակ են: Համոզված եմ`գոնե վնաս չեմ պատճառել Հայաստանին:

Լիլիթ Հովհաննիսյան- Եթե ես չլինեի Ռաֆիկ Հովհաննիսյանի աղջիկը, գուցե և կասկած լիներ ներսումս, չէ՞ որ մարդը թույլ արարած է ։ Այո՝ պատրաստ եմ։



Սրբուհի Ստամբոլցյան-Թույլ եմ տվել, և ոչ միայն ես, և զրկվել: Անտաղանդ ընտրյալ «կալոդան» ունի բոլոր լծակները՝ ընդդիմացող շնորհալիներին մեկուսացնելու համար: Իսկ դրանից ի՞նչ օգուտ Հայաստանին: Իմ մասնագիտական դաշտում չգիտեմ մի զոհողություն, որն անհատին վնասելուց բացի` օգուտ կբերի:

6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:

Նարինե Դելալյան
-  Իհարկե, եղել են շատ գեղեցիկ ու մնայուն պահեր, որոնց գույներով հարստացել է տարին, բայց շատ ուրախ եմ, որ կարողացա տպագրել հայրիկիս ՝ Հարություն Դելալյանի հինգ ստեղծագործությունները։ Դրանք մնայուն արժեք են և դուրս անձնականից։ Այդ փաստով ուրախ եմ։ Իսկ ինձանից գոհ չեմ էլ ուզում լինել։ Ինքնաբավությունը վտանգավոր զգացողություն է։

Խաչատուր Մելիքյան -Գլոբալ առումով, թերևս, ոչ մի առարկայական արժեք չեմ ստեղծել, որ կարողանայի տրամադրել աշխարհին ու թեթևացնել նրա հոգսը։ Անհատական առումով՝ թև ու թիկունք եմ կանգնել բազմաթիվ աշակերտների, օգնել եմ նրանց կողմնորոշվել մասնագիտական ու հոգեբանական հարցերում։ Երբ մտնում եմ խանութ, ու մի քանի նախկին աշակերտներ (ի դեպ, որոնց կարգապահական առումով անգամ պատժել եմ) միստր Մելիքյա՜ն ասելով գրկում են ինձ, ու խոստովանում, թե որքան եմ իրենց օգնել՝ աշխարհն իմն է դառնում ու փառավորվում է հոգիս...

Եղիշե Պետրոսյան-  «Հաց Բերողը» երգը՝ նվիրված Արթուր Սարգսյանին, ինձ համար անգնահատելի արժեք է, մանավանդ, որ նա իրականում սիրեց այդ երգը: Իսկ, ընդհանրապես, միշտ արել եմ այն, ինչը  ճիշտ եմ համարել, ինչը չէի կարող չանել, կամ՝ պարտավոր էի անել: Արդարին սատարելը, ճշմարտությանը դավանելը ինձ համար աքսիոմատիկ սկզբունքներ են: Իհարկե, կարող էի և ավելի լավը լինել` ավելի ջահել, ավելի առնական, ավելի խելացի։

Լիլիթ Հովհաննիսյան- Ոչ ։

Սրբուհի Ստամբոլցյան-  2017-ի՞ն... արժեք՝ ոչ, քայլ՝ այո: Եվ այո՝ ես ինձ դուր եմ գալիս: Ավելին՝ ես սիրում եմ ինձ:



7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:

Նարինե Դելալյան
- Միգուցե կփորձեի մեր աչքերը, մեր հայացքն ուղղել դեպի այսօրը` հանգիստ թողնելով անցյալը։

Խաչատուր Մելիքյան -Շատ ստեղծագործ ու արարիչ ազգ ենք։ Բայց միակը չենք այս առումով, ու պետք է սովորել ուրիշներին նայել հավասարի աչքով։

Մեր մեջ դարերով ծվարել է ամենակարճ ճանապարհն ընտրելու մոլուցքը, բայց կարճ ճանապարհը միշտ չէ, որ արդյունավետ է։ Օրենքով ապրել սովորելը թերևս շատ հեշտ է հնչում, բայց ուսանելի ու աշխատատար փորձ է, որ հասցնում է լավ արդյունքի։ Նաև, հնարավորին չափ լավ էներգիա տանք միմյանց, քանի որ այստեղ ևս աշխատում է էներգիայի պահպանման օրենքը։

Եղիշե Պետրոսյան-Կասեի` սթափվի՛ր հայ մարդ, հայրենի պետությունը մեկն է, և  յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է տեր կանգնել վտանգված հայրենիքին։

Կասեի նաև, որ իսկը ժամանակն է ավելի հաճախ դեպի ապագան նայելու, քանի որ անցյալն արդեն անդառնալի մսխել ենք:

Լիլիթ Հովհաննիսյան- Եկեք միանանք, մի հնար գտնենք, որ հանկարծ ու հանկարծ չկորցնենք մեր էս փոքրիկ դրախտիկը, մեր տունը։ Մի կյանք առաջ 300000  քառակուսի կիլոմետրի վրա ունեինք 10000 տարվա ստեղծած մշակույթ, որը ոչնչացվեց ։ 

Սրբուհի Ստամբոլցյան-Կուզեի ոմանց պես պաթոսաբար հնչեցնել՝ ձեր տաքուկ տեղերից վե՛ր կացեք, եկե՛ք տեսնենք՝ ինչ ենք անում: Կուզեի, բայց կասեմ՝ սիրելիներս, ուր էլ, որ լինեք, ձեր երեխաներին հա՛յ մեծացրեք, որ չձուլվենք-չքչանանք, առո՛ղջ եղեք ու հարստացե՛ք, որ պետք եղած պահին օգտակար լինեք: Եվ, անպայման, անպայման, երջանի՛կ եղեք:


ՎԱՐԴուհի Սիմոնյան

Ստեղծագործական Հայաստան մեդիանախագիծ






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Московский городской транспорт на 100 процентов отечественный


Спорт в России и мире
Москва

Псковичка стала призером соревнований по прыжкам в высоту в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Александр Зверев

Зверев сыграет с Алькарасом в финале "Ролан Гаррос"


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

На природных территориях Москвы расцветет множество краснокнижных растений





Путин в России и мире
Москва

Профессор Кошкин: Запад в шоке от военных кораблей России в Карибском море


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

AFP: Байден объявил о выделении Киеву помощи на 225 млн долларов


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Башмет

Юрий Башмет, Константин Хабенский и Ольга Литвинова выступили на главной сцене в Михайловском



Москва

Наследие Сулеймана объединяет регионы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net