ԱԺ-ն քննարկում է կեղտաջրերի հեռացման և մաքրման ոլորտը կանոնակարգող նախագիծը (ուղիղ)
ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, թե նախագծով անդրադառնում են ջրահեռացման խնդրին:
«Առ այսօր, չնայած որոշ ներդրումներին, հիմնական շեշտադրումը եղել է ջրամատակարարման վրա, և հիմա այս նախագծով անդրադառնում ենք ջրահեռացման խնդրին: Հիմնական նպատակը կեղտաջրերի հեռացման և մաքրման ուղղությամբ համակարգային լուծումներ առաջարկելն է»,-ասաց նա:
Մինասյանի խոսքով՝ նախագծով կեղտաջրի տարատեսակների հետ կապված սահմանվում են կոնկրետ պահանջներ:
Բացի դրանից` հստակեցվում է լիցենզավորման կարգը, կարգավորող մարմինը հստակ լիցենզավորում կիրականացնի այն դեպքերում, երբ չկան մրցակիցներ, ի տարբերություն այսօր գործողին, երբ բոլորին են լիցենզավորում:
Կարևոր փոփոխություններից են նաև, ըստ նախարարի, համայնքներում և բնակավայերում կեղտաջրերին ներկայացվող պահանջները. բոլոր համայնքները, կառավարում իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովեն կեղտաջրերի հեռացման և մաքրման հասանելի ծառայություններ:
Արծվիկ Մինասյանը նշեց, թե հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, նաև ֆինասական ծանրաբեռնվածությունը, կառավարությունը նախատեսում է ժամկետներ` մինչև 2030 թ-ը։ Սա որպեսզի ավելի շատ լինի ներդրումը մասնավորից` որպես բիզնես պրոյեկտ, ինչպես նաև պետության դրամաշնորհային քաղաքականությունն այս ուղղությամբ խթանելու, մասնավոր բարեգործական գործունեությունը խթանելու համար:
Արծվիկ Մինասյանը նշեց, թե այս պահին որևէ բեռ համայնքների և քաղաքացիների վրա չի դրվում: