ԱԺ-ում ձևավորվել է լավ ավանդույթ, որ բոլոր քաղաքական ուժերը ցեղասպանության դատապարտման հարցում ունեն նույն դիրքորոշումը. Է. Շարմազանով
«Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը որակեց որպես շատ կարևոր իրադարձություն է խորհրդարանի համար:
«Ազգային ժողովում ձևավորվել է շատ լավ ավանդույթ, որ բոլոր քաղաքական ուժերը՝ դիմություն, թե ընդդիմության, ցեղասպանության դատապարտման հարցում ունեն նույն դիրքորոշումը»,-նկատեց նա՝ հիշեցնելով, որ այսօր էլ բոլոր 4 խմբակցությունների առաջարկով է քննարկվում այս նախագիծը:
«Խորհրդանշական է, որ հենց այս տարի է սա ընդունվում, քանի որ ընդդեմ ցեղասպանության պայքարի հոբելյանական տարի է: Իսկ ով, եթե ոչ մենք՝ ՀՀ քաղաքացիներս պետք է առաջնորդենք ցեղասպանության դեմ պայքարը: Դրա մասին խոսեց նաև հանրապետության նախագահը ու ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարեց, որ մենք հանդես ենք գալու նման նախաձեռնություններով: Մեր՝ խորհրդարանականների խնդիրը պետք է լինի պայքարել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ու թուրքական ժխտողական քաղաքականության դեմ, այլև մենք պետք է լինենք առաջամարտիկը ընդդեմ ցեղասպանության երևույթի, որը շատ կարևոր է այն ֆեյք ցեղասպանությունների դեպքում, որի մասին խոսում են նոր ստեղծված որոշ պետություններ՝ Արցախից այն կողմ»,-նշեց նա:
Շարմազանովը կոչ արեց հունվարի 16-ը ՀՀ-ում ունենալ հիշատակի օր, որը բոլորը կընդունեն որպես հայոց պառլամենտի կողմից եզդի ժողովրդի ցեղասպանության դատապարտման օր: