«Ապտակեցի, նա հասկացավ իր սխալը». Իրինա Բեզռուկովան պատմել է իր նկատմամբ սեռական ոտնձգության մասին
Ռուս դերասանուհի Իրինա Բեզռուկովան անկեղծ հարցազրույց է տվել՝ պատմելով ռուսական կինոյում սեռական ոտնձգության մասին:
«Իմ պրակտիկայում ընդամենը մեկ դեպք է եղել, երբ ռեժիսորն իրեն թույլ է տվել իմ հասցեին անպատշաճ ակնարկներ անել: Քանի որ ես անմիջական մարդ եմ, անմիջապես ապտակեցի նրան: Նա հասկացավ իր սխալն ու թեման փակվեց: Մենք շարունակեցինք աշխատել, քանի որ նկարահանման հրապարակում ոչ թե կին և տղամարդ ենք, այլ պրոֆեսիոնալներ: Իհարկե, նկարահանումների ժամանակ պատահում են ժպիտներ, կատակներ, հաճոյախոսություններ, բայց խելացի տղամարդիկ դա շատ նրբանկատորեն ու զգույշ են անում. չէ՞ որ նրանց համար տհաճ է մերժում ստանալը»,-7days.ru-ին տված հարցազրույցում ասել է դերասանուհին:
Խոսելով վերջին ամիսներին Հոլիվուդում լայն թափ ստացած սեռական սկանդալի մասին, որի կիզակետում հայտնվել է ազդեցիկ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, Բեզռուկովան կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում կեղծիքը շատ է:
«Երբ Հոլիվուդում սեռական ոտնձգությունների վերաբերյալ սկանդալը սկսվեց, ես, անկեղծ ասած, շատ զարմացա: Իհարկե, չեմ բացառում նման բաների հավանականությունը՝ տղամարդիկ միշտ էլ մնում են տղամարդ, իսկ կանայք էլ՝ կին: Բոլոր ժամանակներում էլ նրանց միջև ինչ-որ բաներ են տեղի ունենում, և այս առուումով կինոոլորտը բացառություն չէ: Թատերական բուհ ընդունվելուց առաջ ես մեկ տարի աշխատել եմ գործարանում, ու ուզում եմ ասել, որ տղամարդու հոգեբանությունն ամենուր էլ նույնն է»-ասել է դերասանուհին:
Նա նաև ընդգծել է, որ թեև շատ ֆիլմերում է նկարահանվել, սակայն երբեք խաղընկերների հետ սիրային կապի մեջ չի եղել: