Ֆրանսահայ Ռաֆֆի Ալաջյանը նոր սերնդի սենսորային իրեր է ստեղծում
Ֆրանսահայ ձեռներեց Ռաֆֆի Ալաջյանին անվանում են տեխնոլոգիական ոլորտի նոր դարաշրջանի հեղափոխական գործիչ։
Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, «ինտերնետային իրերի» ժամանակաշրջանի հիմնադիրը ծնունդով Բեյրութից է, որտեղից ընտանիքի հետ 1970-ականներին մշտական բնակության է տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ վաղ հասակից հետաքրքրություն է ցուցաբերել նորագույն տեխնոլոգիաների և կինոյի նկատմամբ:
Ալաջյանի մասին Ֆրանսիայում սկսեցին խոսել 1980-ականներին, երբ նա երկու վավերագրական ֆիլմ նկարահանեց ֆրանսիացի դրամատուրգ Էժեն Իոնեսկոյի և իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիիի մասին:
1990-ականներին նա սկսել է աշխատել Ֆրանսիայի Minitel առաջին ինտերնետային ծառայությունում: 1994-ին հիմնել է ինտերնետային հաղորդակցությունների իր ընկերությունը՝ FranceNet-ը, որն օգտատերերին հեռակա կապի ապահովում էր տրամադրում Ֆրանսիայում:
2000-ականների կեսերին Ալաջյանը հայտարարել է ինտերնետի ապագայի իր տեսլականի մասին՝ ներկայացնելով իր գյուտը՝ Nabaztag-ը («Նապաստակ»), որը անլար ինտերնետին միանալու շնորհիվ տարբեր գույներով է լուսավառվում:
2014-ին նա նոր տեխնոլոգիական ընկերություն է հիմնում՝ Sen.se անվանումով, որը մասնագիտանում է Wi-Fi կապով սենսորային առարկաների ստեղծման գործում:
Վերջին տարիներին նրա ստեղծած ամենահայտնի սենսորային սարքը Мother («Մայր») կոչվող իրն է՝ ռուսական «մատրյոշկայի» օրինակով: Այս սարքը նախատեսված է տանը կամ գրասենյակում վերահսկողություն իրականացնելու համար և կարող է կարգավորել ջերմաստիճանը, ֆիքսել տեղաշարժը տանը, երբ տերն այնտեղ չէ: