Հարավային Կորեան ևս 20 հյուսիսկորեական կազմակերպություն ներառել է պատժամիջոցային ցուցակում
Հարավկորեական իշխանությունները նախատեսում են հավելյալ սահմանափակումներ սահմանել Հս. Կորեայի ևս 20 կազմակերպության և 12 ֆիզիկական անձի նկատմամբ: INTERFAX.RU -ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հարավային Կորեայի ԱԳՆ աղբյուրը:
«Ակնկալվում է, որ նորացված պատժամիջոցային ցանկը կխոչընդոտի անօրինական միջոցների հոսքը ԿԺԴՀ և կմեծացնի առևտրային գործարքներ կնքելու վտանգն այդ կազմակերպությունների և անհատ անձանց հետ», - գործակալությունը մեջբերում է աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ վերոնշյալ անձանց նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 11-ից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին ԿԺԴՀ-ն սեպտեմբերից հետո առաջին անգամ նոր միջմայրցամաքային հրթիռի փորձարկում է իրականացրել, որը կարող է հասնել ԱՄՆ տարածքի յուրաքանչյուր կետ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրթիռային փորձարկումից հետո հրավիրված արտահերթ նիստում դատապարտել է հյուսիսկորեական արձակումը: Դրան հետևել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զանգվածային համատեղ զորավարժությունները՝ հարյուրավոր ինքնաթիռների մասնակցությամբ: