ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները հաջողությամբ իրականացրել են պատվիրակության մարտավարությունը. Արփինե Հովհաննիսյան
Փարիզում ընթացող ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայկական կողմին հաջողվել է այս պահին կասեցնել ադրբեջանական պատվիրակության անդամ Ֆատալիևայի հակահայկական զեկույցի ընդունումը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ,Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Հարցին, թ ե ի՞նչ զեկույցի մասին է խոսքը, Արփինե Հովհաննիսյանն ասաց.«ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները Փարիզում հաջողությամբ իրականացրել են պատվիրակության մարտավարությունը: Փարիզում ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ֆատալիևայի կողմից ներկայացված էր զեկույց «Երեխաների պաշտպանությունը զինված կոնֆլիկտների ընթացքում» վերտառությամբ, որտեղ, ինչպես և սպասվում էր, զեկուցողը ներկայացրել է ադրբեջանական տեսակետն այս հարցի կապակցությամբ: Հանձնաժողովը պիտի լսեր նրան և զեկույցի պատրաստման հետագա շարունակությանը հավանության արժանացներ»:
Հարցին, թե ի՞նչ մարտավարության արդյունքում է հայկական պատվիրակությունը հասել հաջողության, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հայկական պատվիրակությունը վաղօրոք ուրվագծված մարտավարություն է իրականացրել.«Այդ մարտավարության արդյունքում հանձնաժողովը մինչև հոկտեմբեր հետաձգել է հարցի քննարկումը՝ կողմերի առաջարկները լսելու և զեկույցը բալանսավորելու համար, համարելով, որ ադրբեջանական կողմն այս առումով չի կարող անաչառ լինել: Այս հարցի շարունակությունն առաջիկա ամիսների ավելի հստակ կդառնա»:
Հայկական պատվիրակության մարտավարության փակագծերն Արփինե Հովհաննիսյանը չբացեց, ասելով, որ դա ամենօրյա աշխատանք է պատվիրակության կողմից և նման քայլեր արվելու են տարբեր հանձնաժողովներում: