ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է, դրա համար անհրաժեշտ է, որ նախագահները քաղաքական կամք դրսևորեն. ամերիկացի համանախագահ
Ինձ համար պատիվ է ծառայել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ. Tert.am-ին իր նշանակման մասին այսպես ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը:
«Ես սպասում եմ տարածաշրջանային այց կատարելու և բոլոր կողմերի պաշտոնատար անձանց հետ հնարավորինս շուտ հանդիպելու հնարավորությանը: Նաև սպասում եմ հաջորդ շաբաթ Նյու Յորքում Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ հանդիպմանը»,- ասաց նա:
Ամերիկացի համանախագահը նշեց, թե կուզենար, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնեն հնարավորինս շուտ հանդիպել ու ձեռնամուխ լինել բարեխիղճ բանակցությունների, որոնց նպատակը խաղաղության գործընթացի առաջմղումն է:
«Գիտակցում եմ, որ կան բազմաթիվ դժվարին հարցեր, որոնք պետք է քննության առնվեն, սակայն կարգավորումը հնարավոր է: Որպեսզի դա տեղի ունենա Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նախ քաղաքական կամք դրսևորեն,որն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար»,- նշեց նա:
Tert.am-ի դիտարկմանը, թե կարող է նա մանրամասներ հաղորդել հեռացած համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ներկայացրած Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ փաստաթղթի մասին, նա պատասխանեց, որ ԱՄՆ–ը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ Մինսկի խմբի գործընթացում։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում դեսպան Ռիչարդ Հոգլանդին և որպես ժամանակավոր ԱՄՆ համանախագահ նրա կատարած աշխատանքին: Օգոստոսի վերջին նրա կողմից արված հայտարարության մեջ առաջ քաշված նկատառումները Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամերիկյան քաղաքականության վաղեմի մոտեցման վերահաստատումն էր: Թույլ տվեք ես էլ մեկ անգամ ևս վերահաստատեմ, որ Միացյալ Նահանգները հաստատապես հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ Մինսկի խմբի գործընթացում և միջազգային իրավունքի համաձայն, մասնավորապես՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքների ապահովմամբ տևական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու գործում կողմերին օգնելու հարցում»,- նշեց նա: