Ազատամարտիկին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի զենք–զինամթերք պահելու համար. գործը դատարանում է
1989-1992 թվականներին ՀՀ հյուսիսային շրջանների ինքնապաշտպանական գործողություններին մասնակիցն այդ տարիներին զենք է գտել և ապօրինի պահել է իր տանը, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել:
Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Սաղաթել Հանիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1989-1992 թվականներին գյուղերի միացյալ ջոկատի կազմում մասնակցելով ՀՀ Հյուսիսային շրջանների ինքնապաշտպանական գործողություններին, 1989 թվականին հակառակորդի՝ Բաղանիսի և Կզլդաշի մարտական դիրքերից գտել է հրազեն հանդիսացող՝ գործարանային արտադրության անընթեռնելի Մոսինի կոնստրուկցիայի կարաբին և ռազմամթերք հանդիսացող՝ մեկ հատ 1973 թվականի գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի հրացանային մարտական փամփուշտ: Նա դրանք 1992 թվականին ապօրինի փոխադրել և ապօրինի պահել Է իր՝ Լոռու մարզի Շնող գյուղի տանը:
2017 թվականի մայիսի 07-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Սաղաթել Հանիսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, մայիսի 9-ին ԼՂՀ Շուշի քաղաքի ազատագրման տոնակատարությանը մասնակցելու նպատակով, թաքցրած վայրից հանել է զենքը և ապօրինի կրել, ինչը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակցի կողմից: Հանիսյանը Լոռու մարզի Շնող գյուղի 2-րդ փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Գործն ուղարկվել է Ալավերդու դատարան և մակագրվել դատավոր Սուրեն Բաղդասարյանին: