Մեր 15 կետերն իրագործելու ենք՝ անկախ նրանից կլինենք կոալիցիայում, թե ոչ. «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր
Հանրությունը պետք է օգնի կառավարությանը, որպեսզի ակնկալիքները բավարարվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը:
Գնահատելով կառավարության մեկամյա գործունեությունը՝ Վանիկ Ասատրյանն ասաց, թե ինքը չէ, որ պետք է գնահատի գործադիրի աշխատանքը: Ամեն դեպքում պատգամավորը նկատեց, որ կառավարության նիստերում համապատասխան հանձնարարականներ են տրվում, ստուգումներ են անցկացվում և այն իր հունով աշխատում է: «Մենք խմբակցությունում կքննարկենք հարցը, ընդհանուր գնահատական կտանք»,- ասաց նա:
Հարցին՝ այս մեկ տարվա ընթացքում քաղաքացիների վիճակը փոխվե՞լ է դեպի լավը, նա պատասխանեց. «Նույնիսկ եթե անձը շագարգռված լինի, մեկ տարում չի կարողանա դրվածք փոխել, սպասենք, կարճ ժամանակ է…»:
Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանի նշանակմամբ մարդկանց մոտ դրական սպասումներ էին առաջացել, Ասատրյանն այսպես արձագանքեց. «Ընտանիքի անդամն էլ իր ընտանիքի ղեկավարից ակնկալում է, որ կլավանա, բայց օգնում էլ է: Մենք հիմա պետք է լծվենք այդ գործին, բոլորիս պարտքն է դա»: Նա նշեց, որ քաղաքացին կարող է օգնել կառավարությանը ենթարկվելով օրենքներին:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե ԲՀԿ–ի ու ՀՀԿ-ի միջև չի բացառվում նորից կոալիցիա կազմել, ապա Վանիկ Ասատրյանն ասաց, որ նման առաջարկ իրենց չի արվել, երբ արվի՝ կքննարկեն:
Հարցին՝ ԲՀԿ-ն արդեն մեկ անգամ եղել է կոալիցիայում, դուրս է եկել, հիմա ի՞նչ կարիք կա նորից կոալիցիա կազմել, պատգամավորն ասաց. «Այդ ժամանակ նման պահանջներ են եղել: Իսկ այսօր քննարկում ու առաջարկ չկա»:
Ի պատասխան հարցին՝ կկազմե՞ք կոալիցիա ՀՀԿ–ի հետ, եթե իշխանությունները կատարեն ԲՀԿ նախընտրական 15 կետերը, Ասատրյանը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ մեր ծրագրերը, որոնց քարոզիչը մենք ենք, կլինենք կոալիցիա, չենք լինի, պայքարելու ենք դրանք իրագործելու համար: Մենք այսօր էլ ենք պայքարում, որ դա իրականացնենք, մեր հարցերը ներկայացնում ենք»: