Միայն կարգավորման տարբերակը վերջնականապես ընտրելուց հետո կարելի է հասկանալ՝ ում է ձեռնտու ԼՂ կոնֆլիկտի կարգավորումը, ում՝ ոչ. Մանվել Սարգսյան
Ոչ մեկ չի խոսում այն մասին, թե ինչպես պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Ըստ նրա՝ դժվար է ասել, թե հակամարտության կարգավորումը ո՞ւմ է ձեռնտու կամ ո՞ւմ ձեռնտու չէ, երբ հայտնի չէ՝ կարգավորման ո՞ր տարբերակն է գործի դրվելու:
Օրերս ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը ձեռնտու չէ լուծել գլոբալիստական էլիտային: Մանվել Սարգսյանն այս առնչությամբ ասաց, որ միայն կարգավորման տարբերակը վերջնականապես ընտրելուց հետո կարելի է հասկանալ, թե ում է ձեռնտու հակամարտության կարգավորումը, ում՝ ոչ:
«Տարածաշրջանում ամեն մեկը փորձում է հակամարտության կարգավորման նոր ֆորմատ ստեղծել, փորձում են ցույց տալ, որ կան ընդանուր շահեր, բայց դրա նպատակը կոնֆլիկտի կարգավորումը չէ: Ռուսաստան-Իրան-Թուրքիա ստեղծվող ֆորմատը Սիրիայի հարցում վկայությունն է, որ հակամարտությունները օգտագործվում են այլ պետությունների հետ հարաբերվելու համար: Ամեն մեկն ուզում է այդ ֆորմատների մեջ ներգրավվել պետություններին, որպեսզի իրենց շահերը լուծեն, իսկ Ղարաբաղյան խնդիրը պարզապես շահարկվում է այդ նպատակով»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Ըստ նրա՝ կարգավորման մասին խոսք լինել անգամ չի կարող, իսկ այդ նպատակով տարվող քննարկումները «կապ չունեն Ղարաբաղի հետ»:
«Ռուսաստանն ուզում է վերականգնել իր ազդեցությունը այս տարածաշրջանում: Դրա համար ֆորմատներ է ստեղծում: ՌԴ ԱԳ նախարարը հայտարարում է, թե առաջարկներ են արել, որոնք եթե Արևմուտքը ընդուներ, հարցը կլուծվեր: Այդ ի՞նչ առաջարկներ են: Պարզից էլ պարզ է, որ փորձում են ամեն հարցում ներգրավվել, որ ազդեցությունը չթողնեն: եթե ԼՂ կարգավիճակը չտրվի, մնացած խնդիրները կարևոր չեն»,- ասաց նա: