Չնայած Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, Արցախը ժողովրդավարության տիպար է. ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը շնորհավորել է Արցախի անկախության տոնը
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը շնորհավորական նամակ է ուղղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, Արցախի ժողովրդին՝ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ։
Շնորհավորական նամակը ստորագրել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ֆրենկ Փալոունը, Ադամ Բ․ Շիֆը, Դեյվիդ Թրոթը , Ջեքի Սփայերը, Դեյվիդ Վալադոն և Գուս Բիլիրակիսը։
Նամակում, մասնավորապես, նշվում է. «Այս տարի ձեր ժողովրդի անկախության տոնակատարությունը հատկապես կարևոր է, քանի որ փետրվար ամսին ձայների բացարձակ մեծամասնությամբ կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս առաջ մղել մարդու իրավունքները, ուժեղացնել օրենքի գերակայությունը և բարձրացնել թափանցիկությունը։ Սովետական ճնշումը և Ադրբեջանի ռազմական ագրեսիան հաղթահարելուց հետո Արցախի հետագա անցումը ներկայացուցչական կառավարման համակարգի վկայում է ձեր ժողովրդի ուժի և կամքի մասին»:
«Չնայած Ադրբեջանի հաճախակի ագրեսիվ գործողություններին և մինչ օրս շարունակվող սպառնալիքներին, Արցախը մնացել է տարածաշրջանում ժողովրդավարության, խաղաղության և ազատության տիպար։ Մենք ողջունում ենք այդ անփոփոխ հանձնառությունը՝ ազատ և արդար ընտրություններին և ժողովրդավարական կառավարման կատարելատիպին»,-ասվում է նամակում։
Կոնգրեսականները նաև հույս են հայտնում, որ կլինի խաղաղ կարգավորում, ինչի շնորհիվ կապահովվի Արցախի ինքնիշխանությունը նաև ապագայում և իրենց աջակցությունը հայտնում Արցախի Հանրապետությանը։