$8 մլրդ ներդրում իրականացնելու հնարավորությունը խոչընդոտվում է հայ-ռուսական «գազային» պայմանագրով. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է չեղյալ համարել 2013թ.-ին կնքած հայ-ռուսական գազային պայմանագիրը: Այն, ըստ կուսակցության, հակապետական է, որովհետև խոչընդոտում է Հայաստանի էներգետիկայի ոլորտում հնարավոր բազմամիլիարդ ներդրումները, ինչի մասին խոսում են ՀՀ-ում ԵՄ և ԱՄՆ դեսպանները:
«Գազային» պայմանագրով Հայաստանը պարտավորվել է մինչև 2043 թ.-ը չընդունել որևէ այլ որոշում կամ օրենք, որը չի բխի «Գազպրոմի» շահերից: Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ պայմանագիրը արգելանք է Հայաստանի էներգետիկ զարգացմանը, որովհետև դրա դրույթներից մեկն ասում է, թե Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որ ՌԴ-ից ներկրվող գազի ծավալները անկում չունենան:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ առանց «գազային» պայմանագրի չեղարկման, Հայաստանը իրավունք չունի էներգետիկ ենթակառուցվածքները զարգացնել, որովհետև դա փաստաթղթով է արգելված:
«Պայմանագիրն ասում է, որ Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որ ՌԴ-ից ներկրվող գազի ծավալները անկում չունենան: Իսկ եթե մենք այլընտրանքային էներգետիկան զարգացնենք՝ կլինի արևային, թե քամու, դա կանդրադառնա գազի ծավալների վրա: Տնային տնտեսությունները կհրաժարվեն գազից, եթե լինի արևային էներգետիկա, որովհետև այն ավելի մատչելի կլինի մարդկանց համար»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինս հիշեցրեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ այլընտրանքային էներգետիկայի ոլորտը զարգացնելու համար 8 միլիարդ դոլարի ներդրում իրականացնելու հնարավորություն կա, որը, Ա. Մարտիրոսյանի դիտարկմամբ, խոչընդոտվում է հենց «գազային» պայմանագրով:
«Պայմանագրում սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որ գազի ծավալները չնվազեն: Պատկերացրեք գյուղերից մեկում, որտեղ գազ են օգտագործում, սկսեն օգտագործել արևային էներգիա, ջուրը տաքացնեն ոչ թե գազով, այլ՝ արևային էներգիայով արտադրված հոսանք, պարզ չէ՞, որ գազից կսկսեն ավելի քիչ օգտվել»,- մանրամասնեց Արմեն Մարտիրոսյանը:
Կուսակցության փոխնախագահը նշեց, որ ակնհայտ է՝ Հայաստանի իշխանությունները պայմանագրից չեն հրաժարվի, որովհետև խնդիրներ կունենան, քանի որ «էներգետիկ անվտանգությունը ծառայեցնում են իրենց իշխանության երկարաձգման օգտին»: