Համաշխարհային իրավագիտության մեջ փաստաբաններին կալանավորելու պրակտիկա չկա. ՊՊԾ գնդի գործով փաստաբան
Դեռևս 2013թ. Արդարադատության նախարարությունը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծում փորձ արել է փաստաբաններին լիցենզավորելու և լիցենզիայից զրկելու իրավունքը Արդարադատության նախարարին շնորհել, ինչը տապալվեց:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հրանտ Գևորգյանը` մեկնաբանելով շրջանառվող այն լուրերը, թե ՊՊԾ գնդի գործում ներգրավված փաստաբաններին զսպելու մեխանիզմներ են քննարկվում, ընդ որում մինչև կարճաժամկետ կալանավորում։
«Փաստաբաններին լիցենզավորելու փորձեր նախկինում արվել են, ինչը տապալվել է: Փաստաբանները միահամուռ մերժեցին դա, և այդ օրինագիծը չանցավ: Ինչ վերաբերում է փաստաբաններին կալանավորելուն, ապա համաշխարհային իրավագիտության մեջ նման պրակտիկա չկա, համ էլ Եվրոպայի կոնվենցիայով մի շարք հոդվածներ կան, որ փաստաբաններն անկախ են, և նրանց նկատմամբ բռնություն կամ արգելանք կիրառելու իրավունք չկա»,- ասաց ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող Պավլիկ Մանուկյանի շահերի պաշտպան Գևորգյանը:
Փաստաբանի խոսքով՝ ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործերով դատական նիստերի ամբողջ մարտավարությունը նրանումն է, որ դատական համակարգը նպատակ ունի թուլացնել փաստաբանական կազմը. «Հիմա «Սասնա ծռերի» գործերով ներգրավված են հանրապետության քրեական գծով լավագույն փաստաբանները, և նրանք ուզում են այդ կազմը թուլացնել: Սանկցիաներ կիրառելով` փորձում են վարույթից հեռացնել և ներգրավել հանրային պաշտպաններ, որպեսզի հնարավոր լինի գործն իրենց ցանկալի ձևով քննել»:
Հրանտ Գևորգյանի խոսքով՝ դատարանն ու դատախազությունը խնդիր ունեն նաև առաջադրված մեղադրանքների հետ: Նրա խոսքով՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքների հոդվածները բազմաթիվ պատճաբանություններով պետք է հերքվեն, քանի որ մեղադրական եզրակացությունները ապացույցներով հաստատված չեն, հիմնականում ենթադրություններ են:
«Այդ ամենից ելնելով՝ նրանք միջոցներ պետք է ձեռնարկեն, և որպես միջոց կիրառում են սանկցիաներ, իսկ փաստաբանների նկատմամբ ճնշումներ գործադրելու եղանակը նրանց պաշտպանյալների նկատմամբ սանկցիաների կիրառումն է»,-ասաց Գևորգյանը: