«Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը հերքել է Ռաքքայի գործողության ավարտի մասին լուրերը
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորումը հերքել է սիրիական Ռաքքայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրման գործողության դադարեցման մասին, գրում է demokrathaber.org կայքը։
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն, որ ԻՊ-ի սիրիական «մայրաքաղաքի»՝ Ռաքքայի շուրջ 40 տոկոսն արդեն ազատագրվել է ահաբեկիչներից։
«Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի մամուլի խոսնակ Մուստաֆա Բալին, հերքելով գործողության ընդհատման մասին տարածված լուրերը, նշել է, որ բախումները դեռ շարունակվում են Ռաքքայի 6 խոշոր շրջաններում, իսկ քաղաքի հյուսիս-արևմուտքում իրականացված ռազմական հատուկ գործողությունների շնորհիվ նրանց հաջողվել է կոտրել ԻՊ-ի պաշտպանական գիծը։