ՀՀ-ում վտանգված կենդանատեսակների բազմացման դրական միտում է նկատվել. WWF-Հայաստանի ներկայացուցիչ (տեսանյութ)
Հայաստանում վտանգված կենդանատեսակների շատ լուրջ աճ կա. Tert.am-ի հետ զրույցում ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանը, ով ևս մասնակցում էր Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրվա առիթով այսօր Սիրահարների այգում բացված «Ես ու բնության իմ անկյունը» լուսանկարների ցուցահանդեսին:
Միջոցառումը նախաձեռնել էր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
Ըստ Հակոբյանի՝ կենդանատեսակների դիտարկումը Հայաստանում ցույց է տվել, որ աճի միտումը դրական է: «Եթե 2005թ-ին չկար գրացված Կովկասյան ընձառյուծի գեթ մեկ առանձնյակ, դրանից 12 տարի հետ արդեն ունենք 7-8 Կովկասյան առաձնյակ, նույնիսկ այս տարի նկարել ենք ընձառյուծի ձագերին, այսինքն՝ այնպիսի պայմաններ են, որ ընձառյուծը կարող է բազմանալ անվտանգ»,-ասաց նա:
WWF-Հայաստանի ներկայացուցիչը նշեց, թե աճել է նաև բեզոարյան այծերի քանակը, մուֆլոների քանակը:
Հարցին, թե դա ինչի՞ արդյունք է, Հակոբյանն ասաց, որ բավական մեծ ծրագրեր են իրակացվում միջազգային կազմակերպությունների կողմից և այդ կենդանատեսակները վերհասկողութան տակ են պահում, նաև ըստ նրա՝ որսագողությունն է նվազագույն մակարդակի հասցվել:
Հերմինե Հակոբյանը նշեց, որ «Ես ու բնության իմ անկյունը» կրթական մեծ արշավի փոքր մաս է նպատակն է դպրոցահասակ երեխաներին իրազեկել կայուն զարգացման բնապահպանական նպատակների, ինչպես նաև Հայաստանի մի շարք վտանգված կենդանատեսակների՝ Կովկասյան ընձառյուծի, Բեզոարյան այծի, Հայկական մուֆլոնի և նրանց ապրելավայրի պահպանության կարևորության մասին:
«Ստացել ենք բազմաթիվ նկարներ, մրցույթին չափազանց մեծ ոգևորություն էր նկատվել , լավագույները ցուցահանդեսին են ներկայացվել»,-ասաց նա և նշեց, որ լավագույն աշխատանքերի հեղինակները մասնակցելու են դաշտային ճամբարին, իսկ երեք լավագույները պարգևատրվելու են նվերներով: