Իրանում Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդը գրանցվել է ՀՀ սահմանից շատ հեռու, սակայն ԱՆ-ն միջոցներ է ձեռնարկում
Իրանում Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդով վարակման դեպքերը հիմնականում գրանցվել են, Իրան-Պակիստան սահմանին, որը Հայաստանի սահմանից շատ հեռու է: Բայց, չնայած դրան, ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացնում է հսկողություն:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը՝ ի պատասխան այն հարցի, որ այս օրերին Իրանում այս տենդի համաճարակ է, իսկ Հայաստանում Իրանից բավական մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում:
«Մենք նաև ունենք ջոկատներ, որոնք հանրապետության ամբողջ տարածքում պարբերաբար շրջում են, հավաքում են տզերին, հետազոտում են, և եթե տզերի շրջանում անհանգստացնող խնդիր լինի տվյալ վիճակին համապատասխան՝ գործընթաց է իրականացվում: Եվ քանի որ նման դեպքեր եղել են Իրանում, բժիշկների, բուժաշխատողների գիտելիքներ ենք նորից թարմացնում, բնակչությանը՝ ծանոթացնում ախտանիշների հետ, ինչպես պաշտպանվել, հատկապես ճանապարհորդներին»,-ասաց նա:
Լիլիթ Ավետիսյանը նաև նշեց, որ Իրանում ոչ թե համաճարակ է, այլ բռնկում: Եվ, չնայած Իրան-Պակիստան սահմանի շատ հեռու է, բայց տզերը կարող են տեղաշարժվել կենդանիների կամ իրերի միջոցով:
Հիշեցնենք, որ Իրանում արդեն 31 մարդ վարակվել է սույն տենդով և վարակվածներից 3-ը մահացել են:
Ինչպես նշեց Լիլիթ Ավետիսյանը՝ Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդը մարդու սուր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է ոչ թե մարդուց մարդուն, այլ տզերի խայթոցներից միջոցով. պետք է լինեն տզեր, որոնք կկծեն հիվանդ կենդանիներին, կվարակվեն և այն նույն՝ կծելու ճանապարհով կփոխանացեն մարդուն:
«Հիվանդությունը կոչվում է Ղրիմ-Կոնգոյի տենդ, քանի որ այդ հարուցիչը գտնվել է Ղրիմում և Կոնգոյում: Բայց ասեմ, որ այն շատ հաճախ է հանդիպում մեր հարևան բոլոր երկրներում, Ռուսաստանի մի շարք բնակավայրերում, Չինաստանում, Եվրոպայում: Ամեն տեղ կա, շատ -շատ տարածված հիվանդություն է»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:
Ըստ նրա՝ այս վիրուսը Հայաստանում արձանագրվել է մեկ անգամ՝ 1984 թվականին՝ Սիսիանում, և ո՛չ դրանից առաջ, ո՛չ հետո հիվանդության մարդկային դեպք չի արձանագրվել:
Նշենք, որ հիվանդությունը տևում է 9 օր և արտահայտվում է հետևյալ ախտանիշներով. ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, թուլություն, հոդացավ, սրտխառնոց, փսխում: