Դիտավորյալ են աչք փակել սպանության վրա. Դինքի սպանության գործով վկան մեղադրել է իշխանություններին
Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստի ընթացքում այսօր վկայություն է տվել ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից Լևենթ Յարըմելը, ով Դինքի սպանության գործով դատավարության 10 տարի շարունակ ձգձգվելու համար մեղադրել է իրենց ղեկավարությանն ու գլխավորապես Հետախուզական կոմիտեին:
Ինչպես հայտնում է «Ակօս»-ը, Յարըմելը հայտարարել է, որ հետախուզությունը դիտավորյալ է աչք կոծել Դինքի սպանության գործի վրա:
«Մի վայր, որտեղ այսքան ակտիվ հետախուզություն կա՝ անհնար է, որ կարողանային իրականացնել նման սպանություն: Դիտավորյալ են աչք փակել սպանության վրա», - ասել է վկան:
Նա նաև դատարանին հայտնել է, որ իրենց մասնագիտական պարտականությունների իրականացման ընթացքում որոշ բարձրաստիճան այրեր նրանց հրամայել են «ոչնչի չխառնվել»:
Ավելի վաղ Դինքի սպանության գործով մեղադրյալներից Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ալի Ֆուաթ Յըլմազերը Դինքին չպաշտպանելու համար մեղադրել է Թուրքիայի իշխանություններին: Վերջինս նաև անեծքներ է տեղացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, ինչն իրարանցում է առաջացրել դատարանի դահլիճում:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև`16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: