Միջազգային հանրությանը մտահոգել են ընտրողների ահաբեկման լուրերը
«Մենք շարունակում ենք հորդորել ընտրություններին մասնակից բոլոր կողմերին հավատարիմ լինել Հայաստանի ընտրական օրենսդրության տառին ու ոգուն եւ կոչ ենք անում համապատասխան իրավապահ կառույցներին ու ընտրական կառույցներին անկողմնակալ ու համոզիչ կերպով իրականացնել գործող օրենքները:
Հուսով ենք, որ ընտրությունների անմիջական արդյունքները ճանապարհ կհարթեն դեպի բարեկեցություն, խաղաղություն եւ առաջընթաց: Հայաստանի ժողովուրդն արժանի է դրան»,- ասված է հայտարարությունում:
Միջազգային հանրությունը հիշեցրել է, որ ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ գնահատականը չի սահմանափակվելու միայն քվեարկության օրն իրականացված ընտրական ընթացակարգերի դիտարկմամբ:
ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան հույս են հայտնել, որ ընտրատեղամասերում կիրառվող նորագույն արքավորումները կօգնեն ազատ ու արդարացի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
«Մենք գոհ ենք կիրակի օրը կայանալիք ընտրությունների համար նախատեսված ընտրողների նույնականացման սարքավորումների վերջին փորձարկումների արդյունքներից: Ուզում ենք գովեստով նշել Հայաստանի ընտրական գործընթացներին աջակցելու այս ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարության հանձնառու աշխատանքը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից դրա արդյունավետ իրականացումը՝ խիստ սեղմ ժամկետներում:
Մենք խորապես հավատացած ենք, որ այս քայլերը կնվազեցնեն քվեարկության օրը կեղծիքներ թույլ տալու հավանականությունը եւ կսահմանափակեն ընտրական գործընթացներին միտված միջամտությունները տեղամասերում: Մենք հստակ փաստում ենք, որ քվեարկությունը լինելու է փակ, եւ որ տեղամասերում տեղակայված նույնականացման սարքավորումներն ու տեսախցիկները նախատեսված չեն արձանագրելու ընտրողի քվեն»,- ասված է հայտարարությունում: