Անհապաղ փոփոխությունների կարիք կա, ասել է Արսինե Խանջյանը
Այս մասին նա ասել է «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության հետագա քայլերին նվիրված քննարկման ժամանակ:
Սերժ Թանգյանը, կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը եւ նշանավոր այլ գործիչներ սեպտեմբերին նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» արշավը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։
«Մեր ամենամեծ մարտահրավերը սփյուռքահայությանը հայաստանյան զարգացումներին մաս դարձնելն է: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ Հայաստանից երիտասարդությունը չարտագաղթի»,- ասել է Սերժ Թանգյանը:
Հարցին, թե հնարավոր է արդյոք Հայաստանում նոր համերգի կազմակերպում՝ համախմբման կոչով, Սերժ Թանգյանը պատասխանել է. «Ամեն ինչ կարելի է: Մի բան պետք է մտածենք: Ներշնչանք է պետք»:
Երաժիշտը հայտնել է, որ 2017թ․ ապրիլին ինքը լինելու է Հայաստանում՝ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար:
[voting]
Արսինե Խանջյանն էլ ասել է, որ «Հայաստանում տեղի ունեցող զարգացումները տարեցտարի ավելի մտահոգիչ են դառնում, ինչը Սփյուռքին ստիպել է վերագնահատել Հայաստանի հանդեպ վերաբերմունքը»:
«Ապրիլյան պատերազմը մեզ ստիպեց վերագնահատել Հայաստանի հանդեպ մեր վերաբերմունքը, քանի որ Հայաստանի ներկան այլեւս գնահատվում է սահմանին կանգնած տղաների կյանքի գնով»,- ասել է Արսինե Խանջյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում անհապաղ փոփոխությունների կարիք կա, ինչը պետք է սկսել ընտրական գործընթացին ակտիվ ներգրավվածությամբ:
«Մենք նախաձեռնել ենք նաեւ դիտորդական առաքելություն, որը նպատակ ունի սփյուռքահայերին մասնակից դարձնել Հայաստանի քաղաքական գործընթացներին»,- հայտնել է նա:
Ատոմ Էգոյանն էլ նշել է, որ «հայ ժողովուրդը պետք է հասկանա իր ձայնի կարեւորությունը»:
«Սա վճռական պահ է, եւ կատարվող իրադարձությունները պետք է լուրջ ընդունենք»,- ասել է ռեժիսորը: