Ֆուտբոլային աշխարհն աջակցությունն է հայտնել «Շապեկոենսեին»
Ֆուտբոլային թիմերի բոլոր մարզումները սկսվել են մեկ րոպե լռությամբ: Զոհերի հիշատակը հարգել են նաեւ երեկ կայացած պաշտոնական հանդիպումների ժամանակ: Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը պատվել է բրազիլական ակումբի գույներով:
Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշում է ընդունել դրամական աջակցություն ցույց տալ «Շապեկոենսեին»: Նշվում է, որ նման մտադրություն ունեն նաեւ «Ռեալն» ու «Բարսելոնան»:
Վերջիններիս մարզիչները Կլասիկոյից առաջ կայացած մամուլի ասուլիսում ցավակցություն են հայտնել ինչպես զոհվածների հարազատներին, այնպես էլ ողջ ֆուտբոլային աշխարհին: Հայտարարություններ են տարածել նաեւ անգլիական, իտալական, ֆրանսիական բոլոր թիմերը:
Բրազիլական ակումբներն էլ դիմել են Ֆուտբոլի ֆեդերացիա եւ առաջարկել, որպեսզի «Շապեկոենսեն» առաջիկա երեք տարում հանդես գա առաջնության Ա Սերիայում: Նրանք նաեւ պատրաստ են ակումբին տրամադրել ֆուտբոլիստների, ովքեր հանդես կգան այնքան ժամանակ, մինչեւ «Շապեկոենսեն» կրկին կկարողանա խաղացողներ ձեռք բերել:
«Սա նվազագույնն է, ինչ կարող ենք անել: Մենք ցանկանում ենք օգնել ինչպես ակումբին, այնպես էլ բրազիլական ֆուտբոլին, որն այսօր խամրեց»,- նշված է հայտարարության մեջ:
Ինքնաթիռը, որի մեջ եղել է 77 մարդ, վթարի էր ենթարկվել Կոլումբիայում: «Շապեկոենսեն» մեկնում էր մասնակցելու Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը, որի մրցակիցը լինելու էր կոլումբական «Ատլետիկո Նասիոնալը»:
Ըստ պաշտոնական տվյալների՝ փրկվել է վեց մարդ, այդ թվում երկու ֆուտբոլիստ. պաշտպան Ալան Ռուշելը եւ դարպասապահ Ջեքսոն Ֆոլմանը: Նշվում է, որ հեռացվել է Ֆոլմանի ոտքը, իսկ Ռուշելը վնասել է ողնաշարը: