Վահե Սմբատյան. Իմ կինն իմ ընկերն է
Այսօր շատ վրդովված դուրս եկա տանից՝ նեղացել էի մերոնցից. «Գտի՛ր քեզ կյանքի ընկեր, ամուսնացի՛ր»:
Նման խոսակցություններով ողողել էին կյանքս: Ա՛յ հենց դա էր հարցը. ես չէի ուզում ուղղակի ամուսնանալ, ուզում էի , որ կինս ինձ ընկեր լիներ...
Սրտատրոփ բարեկամներ, հուզված ծնողներ և հնչեց քահանայի ձայնը...
- Տե՞ր ես, որդյա՛կ իմ փեսա, իսկ դու հնազա՞նդ ես , դու՛ստր իմ հարս...
Ինչպե՜ս կուզենայի , որ այդ պահին հարցնեին. «Ընկե՞ր ես որդյակ իմ փեսա, իսկ դու դուստր իմ հարս, ընկե՞ր ես»: ԵՎ մարդիկ խորանի առջև ոչ թե տեր ու հնազանդի խոստում տային , այլ՝ ընկերներ լինելու: Ես այդ համոզմամբ սկսեցի իմ նոր կյանքը...
Տեղափոխվեցինք նոր բնակարան, և պաստառները պետքէր փոխել: Միայնակ դժվարանում էի , մեկ էլ կինս վերցրեց սոսնձի խոզանակը և սկսեց օգնել...
Իմ կինն իմ ընկերն է...
Շաբաթ էր՝ ֆուտբոլային թեժ երեկո: Ընկերներիս հետ որոշեցինք մեր տանն անցկացնել այդ երեկոն, բայց հետո չստացվեց: Միայնակ նստած ֆուտբոլ էի նայում, ինձ համար շատ անսպասելի միացավ կինս , լցրեց գարեջրի բաժակները և միասին երկրպագեցինք իմ սիրած թիմին:
Իմ կինն իմ մարզասեր ընկերն է...
Աշխատանքյին ծանր օր, բարկացած վերադաս, լարված նյարդեր...եկա տուն: Ընթրեցինք, և կինս, զգալով իմ լռությունը, առաջարկեց , որ ընկերներիս հետ մի քիչ ժամանակ անցկացնեմ:
Իմ կինն իմ հոգեբան ընկերն է...
Մեքենայիս համար զիլ անվահեծեր էի տեսել՝ բավականին էլ թանկ: Կինս էլ բրենդային կոշիկների համար գումար էր խնայել: Հաջորդ օրը երջանիկ այցելեցինք նրա ծնողներին , իսկ մեքենայիս տակ փայլում էին երազանքիս անվահեծերը:
Իմ կինն իսկապես իմ ընկերն է...
Կնոջս ծննդյան օրն էր: Գնեցի ծաղիկներ, բայց մտածածս նվերի համար գումարս մի քիչ պակասում էր. հանդիպեցի ընկերոջս: Երեկոյան կինս հյուրերին ընդունում էր իր նախընտրած բրենդային կոշիկները հագին...
Իմ կինն իմ նորաձև ընկերն է...
Փոքրիկի լացի ձայնն արթնացրեց ինձ: Արթնանալով՝ տեսա հոգնած և հուսահատ կնոջս, որ փորձում էր քնեցնել մեր փոքրիկին: Ժամեր անց նայում էի խաղաղ քնած կնոջս և փորձում անգամ շնչառությունս պահել, որ հանկարծ չարթնացնեմ գրկիս մեջ՝ իմ անհաջող օրորոցայինից քնած փոքրիկին...
Ես էլ իմ կնոջ հոգատար ընկերն եմ...
Կանցնեն օրեր, ամիսներ , տարիներ...
Նորից սրտատրոփ բարեկամներ և մենք՝ հուզված ծնողներս կլսենք մեր զավակներին պսակադրող քահանայի ձայնը. «Ընկե՞ր ես, որդյա՛կ իմ փեսա, իսկ դու դու՛ստր իմ հարս, ընկե՞ր ես»...
Իմ կինն իմ ընկերն է...