Ալիեւն ու Լուկաշենկոն ԼՂ հարցով հայտարարություն են ընդունել
Բելառուսական Belta.by պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին ասված է նոյեմբերի 28-ին Բաքվում Ադրբեջանի եւ Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընդունած համատեղ հայտարարության մեջ։
«Կողմերը կարեւորում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը, որը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, առաջին հերթին՝ ինքնիշխանության ապահովման, տարածքային ամբողջականության եւ պետության սահմանների անխախտելիության սկզբունքներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերին եւ ԵԱՀԿ որոշումներին»,- ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանի եւ Բելառուսի ղեկավարները կարեւորել են նաեւ խնդրի արագ կարգավորման համար ԵԱՀԿ-ի ջանքերին լրացուցիչ քաղաքական խթան հաղորդելը:
Հայտարարության համաձայն՝ երկու երկրները կշարունակեն համաձայնեցված ջանքեր ներդնել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար:
Ալեքսանդր Լուկաշենկոն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ավարտին հայտարարել է, որ «Ադրբեջանը կարող է հույս դնել Բելառուսի վրա՝ որպես մոտ ընկերոջ»:
Բաքվում Ալեքսանդր Լուկաշենկոն պարգեւատրվել է նաեւ Հեյդար Ալիեւի անվան շքանշանով։