Իրանի նախագահը Հայաստան կայցելի դեկտեմբերին
«Հայաստանը եւ Իրանը վերջին շրջանում իրականացրել են մի շարք կարեւորագույն քայլեր, որոնք կարիք ունեն բարձր մակարդակով վերջնական ամփոփման: Իրանի նախագահի այցը, որը հաստատապես կլինի դեկտեմբերին, նպատակ կունենա նաեւ նախանշել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ընթացքը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Վարդան Ոսկանյանը:
Իրանագետի խոսքով՝ վերջին շրջանում հայ-իրանական հարաբերությունների ամենամեծ ձեռքբերումները եղել են տնտեսական ոլորտում:
«Այս համատեքստում Իրանի համար կարեւոր է Հայաստանի դերը, որը կարող է Պարսից ծոցը կապել Սեւ ծովին»,- նշել է իրանագետը:
Հարցին, թե հնարավոր է ինչ-որ առումով Իրան-Ադրբեջան հարաբերությունները խոչընդոտեն հայ-իրանական դինամիկ զարգացող կապերի կայացմանը, Վարդան Ոսկանյանը պատասխանել է.
«Իրանը Հայաստանը միանշանակ դիտարկում է որպես բարեկամական երկիր, ուստի մենք Իրանի հետ մեր օրակարգը սահմանելիս չպետք է ուշադրություն դարձնենք իրանա-ադրբեջանական հարաբերություններին, այլ պետք է միայն հետեւենք դրանց ընթացքին»:
ՄԵԴԻԱՄԱՔՍ