Հայաստանի հավաքականի վերադարձը. 1-ին հաղթանակը նոր մարզչի գլխավորությամբ
Հայ ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան նոր մարզչի գլխավորությամբ ու հանդիպումից մեկ օր առաջ սեփական երկրպագուների վստահությունը վերականգնելու խոստումով:
Հանդիպման մեկնարկում հիմնական գործողությունները խաղադաշտի կենտրոնում էին ծավալվում, թիմերն ուսումնասիրում էին միմյանց ու զերծ մնում վտանգավոր գործողություններից: Երկուստեք փորձեցին դարպասապահների զգոնությունը ստուգել, սակայն խաղատախտակին դեռ շարունակում էին 0-ներ վառվել:
Առաջին գոլին երկրպագուներն ականատես եղան 36-րդ րոպեին, Արսեն Բեգլարյանի դարպասը գրավեց Դամիր Կոյաշեւիչը: Մեկ րոպե անց գնդակը կրկին հայերի դարպասում էր: Արթուր Պետրոսյանի սաների անկյունայինի անհաջող իրացումից հետո, Մոնտենեգրոն նետվեց առաջ, տուգանային հրապարակից դուրս եկած դարպասապահը չկարողացավ որսալ այն`0:2: Գնդակն իր հաշվին գրանցեց թիմի ավագ Ստեվան Յովետիչը:
Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը կերպարանափոխվեց, սկսեց ավելի համարձակ ու ակտիվ խաղալ: 50-րդ րոպեին Արտակ Գրիգորյանին հաջողվեց կրճատել հաշիվը`1:2: Հայերը ավելի շատ էին տիրում գնդակին ու մեծ ուժերով նետվում առաջ: Ակտիվացան նաեւ ստադիոնում մրսող երկրպագուները, վաղուց հանրապետական ստադիոնն այդպես չէր ցնցվել:
Եվս մի քանի րոպե անց նրանք արդեն տոնում էին Վարազդատ Հարոյանի գոլը`2:2: Հանդիպման ավարտին էլ մեր թիմին գոլից փրկեց Հրայր Մկոյանը, հենց նա գլխով դուրս բերեց գնդակը, երբ դարպասապահ Բեգլարյանը լքել էր իր դիրքը:
Որոշիչը սակայն հանդիպման ավելացվար վերջին րոպեն էր, երբ Գեւորգ Ղազարյանը խփեց հաղթական գնդակը`դնելով հանդիպման վերջակետը:
Ընտրական մրցաշարում 3 անհաջող խաղից ու պարտություններից հետո հայ ֆուտբոլիտներն Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ առաջին միավորը վաստակեցին: