Արթուր Պետրոսյան. Այս հաղթանակը թիմային աշխատանքի արդյունք է
Լրագրողները Պետրոսյանին հետխաղյա ասուլիսում դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով: Վաղուց բոլորն էին սպասում մեր թիմի հաղթանակին:
Արթուր Պետրոսյան
0:2 հաշվից հետո էլ ես հավատում էի, նույնը նաեւ տղաներ: Հանդերձարանում հանգիստ մթնոլորտ էր, գիտեի, որ կարող ենք հաջողության հասնել, փառք տղաներին, որ կարողացան հաղթանակ տանել:
Մենք ծայրահեղ ժողովուրդ ենք: Իմ առաջին ասուլիսի ժամանակ ինձ հարցրին, թե ինչ պետք լինի, որ հրաժարական տամ: Հիմա արդեն եզրափակիչ դուրս գալու մասին են հարցնում: Խաղից խաղ մենք կաճենք:
Մենք ցույց տվեցինք կարգապահ ֆուտբոլ, ընդհանուր առմամբ գոհ եմ, մրցակցին գրեթե շանսեր չէինք տալիս: Այդ 0:2 հաշիվը տղաներին ուժ տվեց, նրանք սկսեցին ավելիին ձգտել ու միայն հաղթանակի հասնել:
Խաղի ավարտից հետո այնքան շատ էին զգացմունքներս, որ ուզում էի առանձին լինել: Հետո մտա հանդերձարան, շնորհավորեցի տղաներին, որ նրանք ամեն ինչ արեցին այս արդյունքը գրանցելու համար:
Սա Արթուր Պետրոսյանի հաղթանակը չէ, մենք ողջ շտաբով այս մի քանի օրվա ընթացքում արեցինք հնարավորը, որ լավ մթնոլորտ լինի, չլինի կաշկանդվածություն: Սա թիմային աշխատանք է, ու ես շնորհակալ եմ բոլորից: