Ադրբեջանն արկակոծում է ԼՂՀ հյուսիսարեւելյան դիրքերը
Ինչպես հաղորդում են Արցախի Պաշտպանության բանակից, ժամը 12:15-ից սկսած հակառակորդը 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարեւելյան (Թալիշ եւ Յարըմջա) ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը:
Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,-ասված է ՊԲ հաղոորդագրության մեջ:
Նշենք, որ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերվա ընթացքում շփման գծի հյուսիսային (Վերին Չայլու) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ (4 արկ) եւ 60-միլիմետրանոց ականանետ (1 արկ):