ԵՄ դեսպանին տպավորել է ՀՀ վարչապետի բարեփոխումների օրակարգը
ԵՄ դեսպանն այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանները:
Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ «Հայաստանի պայծառ ապագայի կերտման ուղին ինքը տեսնում է այդպիսին»:
Դեսպանն ասել է, որ ԵՄ-ն՝ որպես Հայաստանի բարեկամ, պատրաստ է օժանդակել Հայաստանին՝ տնտեսության զարգացման, գործարար դաշտի, հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման նպատակով:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին՝ Պյոտր Սվիտալսկին նշել է, որ տպավորված է կառավարության նախատեսած հարուստ միջոցառումներով:
ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ այս ուղղությամբ գործադիրը հանդես է գալու օրենսդրական հստակ նախաձեռնություններով, փոխվելու է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը:
«Մոտ ժամանակներս ստեղծելու ենք ռազմավարական նախաձեռնությունների եւ բարեփոխումների կենտրոն, որի գործունեության մեջ բացի կառավարության ներկայացուցիչներից, կներգրավվեն նաեւ աշխարհի տարբեր երկրների մեր գործընկերները, որոնց փորձը, գիտելիքները մեզ համար կարեւոր են: Նրանք ուրվագծելու են այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են մեր երկրին»,- ասել է Կարեն Կարապետյանը: