Լավ երկիր չկառուցելու տարբերակ չունենք, ասել է վարչապետը
Վարչապետն այդ մասին ասել է՝ նոյեմբերի 4-ին Գորիսում հանդիպելով Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին:
«Մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. մեր երկիրը, մեր տունը, մեր թատրոնը, մեր գյուղը կառուցելու ենք մենք, միայն եւ միայն մենք, եւ չպետք է սպասենք, որ ինչ-որ մեկը գալու է, վիճակը լավանալու է, այդ ամենը կատարվելու է: Խոսելու ենք պարզ, բաց, անկեղծ եւ բացի առկա խնդիրները ներկայացնելուց, պետք է առաջարկել նաեւ լուծումներ, նշել, թե խնդրի լուծման որ մասն է մարզը վերցնելու իր վրա՝ հաշվի առնելով իր բոլոր ռեսուրսները, եւ ինչ է ակնկալվում կառավարությունից»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը կարեւորել է խնդիրների ախտորոշումը.
«Առարկայական խոսելու համար պետք է հստակ ախտորոշենք, թե ինչպիսի խնդիր կա, ինչպես պետք է ծախսերը նվազեցնենք, արդյոք կարո՞ղ ենք լրացուցիչ ակտիվների հաշվին հոգալ խնդիրները, որ մասն է իր վրա վերցնելու համայնքը, որը մարզպետարանը եւ որը պետական բյուջեն: Երբ այս համատեքստում խոսենք, քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Երբ խնդիրն անորոշ է, այն լուծելու ճանապարհն էլ է անորոշ»:
Կարեն Կարապետյանն ասել է, որ Սյունիքի մարզի համայնքների գործընկերների հետ հանդիպմամբ ձեւավորվում է մարզպետարանների հետ աշխատելու ֆորմատը:
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է գնահատել առկա ներուժը, ներկայացնել տարբեր նախաձեռնություններ, ծրագրեր, եւ հաշվի առնելով դրանց արդյունավետությունը՝ պետությունն առաջնային կերպով օժանդակություն է ցուցաբերելու տվյալ ծրագրերի իրականացմանը:
«Եթե դուք չեք պատկերացնում՝ ինչ քաղաք, ինչ համայնք եք ցանկանում, դուք տարբերակ չունեք նպատակներին հասնելու: Վստահ եղեք, որ մենք ոչ թե շանս ունենք, այլ մենք տարբերակ չունենք լավ երկիր չկառուցելու: Բայց դրանում յուրաքանչյուրս պետք է մասնակցի, յուրաքանչյուրս իր մասնաբաժինը պետք է վերցնի, իր քաղաքացիական դիրքորոշումը ձեւավորի»,- շեշտել է վարչապետը: