ՊՆ ղեկավարն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան
Վիգեն Սարգսյանը շրջայց է կատարել համալսարանի հրամանատարաշտաբային եւ համազորային ֆակուլտետների մասնաշենքերում, ծանոթացել է ուսումնառության պայմաններին, սպայական կադրերի պատրաստման ու վերապատրաստման ծրագրերին, կրթական հնարավորություններին, տեղում դիտարկել է կուրսանտների ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազան, զորանացային, լսարանային, ճաշարանային պայմանները, առկա խնդիրները եւ դրանց լուծման հնարավոր ուղիները:
Ռազմաուսումնական հաստատության պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը պաշտպանության նախարարին զեկուցել է համալսարանի կազմի եւ կառուցվածքի, կրտսեր եւ ավագ սպայական կազմի պատրաստման ու վերապատրաստման, ռազմամասնագիտական ուսուցման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների, ընդունելության կարգի, կուրսանտների առօրյայի եւ սոցիալ-կենցաղային պայմանների մասին, հանդես է եկել ռազմական համալսարանի գրավչությունն առավել բարձրացնելուն ուղղված մի շարք առաջարկություններով:
Ռազմական համալսարան կատարած այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը ճաշել է կուրսանտների հետ:
Հանրապետական կենտրոնական հավաքակայանում էլ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկել է հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա շենքային պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության եւ վիճակահանության իրականացման կարգը: