Վարչապետը նախարարներին հորդորել է լինել «մաքսիմալ ուշադիր»
«Կարեւորում եմ, որ ձեր ոլորտների վերաբերյալ ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձեւաչափով եւ բխեն կառավարության ներկայացրած ծրագրային դրույթներից: Մասնավորապես, անհրաժեշտ է պատգամավորներին եւ հանրությանը հասկանալի ձեւով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձեւավորվել են ձեր ոլորտի բյուջեները»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետն ընդգծել է, որ հատկացված ֆինանսավորումը պետք է ներկայացնել` ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական եւ քանակական արդյունքներից ու ցուցանիշներից, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել դրանց նպատակի եւ անհրաժեշտության մասին:
Տրվել են նաեւ բնապահպանությանն ու ընդերքի օգտագործմանն առնչվող հանձնարարականներ:
«Հանձնարարում եմ բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարներին, համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, 15-օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր հէկերի ջրօգտագործման թույլտվությունների եւ շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առաջարկություններ»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարել է նաեւ վերանայել փոքր հէկերի զարգացման սխեման, ուսումնասիրել նոր կայանների կառուցման, ինչպես նաեւ 20 տարի շահագործված փոքր հէկերի գնագոյացման նոր մեխանիզմների կիրառման նպատակահարմարությունը:
Ընդերքի օգտագործման հետ կապված՝ Կարեն Կարապետյանը հորդորել է վերացնել ոլորտում ներդրումների ներգրավման արհեստական խոչընդոտները՝ հիմք ընդունելով միջազգային համապատասխան փորձը: