Հայաստանի հավաքականը չկարողացավ առաջին միավորը վաստակել
Սեփական հարկի տակ Ռումինիայից խոշոր հաշվով կրած պարտությունից հետո (0:5), հայ ֆուտբոլիստները ամբողջովին կերպարանափոխվել էին:
Վարշավայի Ազգային ստադիոնում մենք տեսանք լիովին այլ հավաքական: Երեւանյան անատամ խաղից հետո ընդամենը 3 օր անց Վարուժան Սուքիասյանի թիմը փորձեց ամեն ինչ անել երկրպագուների հավատը վերադարձնելու համար:
Թեեւ արդեն 30-րդ րոպեին 2-րդ խաղն անընդմեջ Հայաստանի ընտրանին մնաց 10 հոգով, սակայն թիմը չփլուզվեց, ինչպես ռումիացիների հետ դիմակայությունում էր: Այս անգամ էլ 2-րդ կարմիր քարտը ստացավ ու խաղադաշտից հեռացվեց Գաել Անդոնյանը:
Առաջին խաղակեսում թիմը կարողացավ դիմակայել լեհերի գրոհներին ու անգամ փորձել առջեւի գծում ակտիվ լինել: Սակայն 2-րդ խաղակեսի հենց սկզբնամասում տանտերը հաշվի մեջ առաջ անցան: 48-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Հրայր Մկոյանը:
Րոպեներ անց Հայաստանի հավաքականը խփեց ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում իր առաջին գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Մարկոս Պիզելին:
Հայաստանի հավաքականի հարձակման գիծն առավել ակտիվ սկսեց գործել, երբ խաղադաշտ դուրս եկավ Արաս Օզբիլիսը: Նա մի քանի անգամ հարմար դիրքում հայտնվեց, սակայն գոլ խփել չստացվեց:
Լեհերն էլ ակտիվ էին, մի քանի անգամ նրանք կարողացան ներխուժել Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակ, սակայն Արսեն Բեգլարյանը հուսալի էր գործում: Հատկապես վտանգավոր էր գործում Ռոբերտ Լեւանդովսկին:
Հանդիպման վերջնամասում էլ Օզբիլիսը կարող էր առաջ մղել հայերին, սակայն վրիպեց: Իսկ ահա Լեւանդովսկին կարողացավ ավելացված ժամանակի վերջին րոպեին դառնալ հաղթական գոլի հեղինակը՝ 2:1: