Սուքիասյան. Այսօր կփորձենք վերականգնել երկրպագուների հարգանքը
Այս անգամ նախախաղային մամուլի ասուլիսին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետ ներկայացել է կիսապաշտպան Դավիթ Մանոյանը:
Սուքիասյանը կրկին հիշել է թիմի կադրային խնդիրների մասին: Նա նշել է, որ պետք է մոռանան Ռումինիայից կրած 0:5 հաշվով պարտությունն ու առաջ նայեն:
«Թիմում նորմալ տրամադրություն է: Լավ է, որ հաջորդ խաղն այսօր է, ինչը լավ հնարավորություն է հետ բերելու մեր երկրպագուների հարգանքը: Մխիթարյանը շատ կարեւոր ֆուտբոլիստ է մեր համար, թե խաղադաշտում, թե հանդերձարանում, ու նրա բացակայությունը զգացվում է»,- Սուքիասյանի խոսքերը մեջբերում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Նա խոստովանել է, որ լավ գիտեն Լեհաստանի հավաքականի ուժեղ ու թույլ կողմերը, խմբի ֆավորիտի հետ են խաղալու ու կկարողանան ընտրել ճիշտ մարտավարություն:
«Գաղտնիք չէ, որ Լեհաստանի հավաքականը աշխարհի ուժեղ հավաքականներից մեկն է: Ուժեղ է նաեւ այն պատճառով, որ այնտեղ է խաղում աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Անշուշտ, բացի Լեւանդովսկուց թիմում հավաքված են շատ փորձառու ու արագ ֆուտբոլիստներ, որոնց մենք գիտենք թե Դորտմունդի «Բորուսիայից», որտեղ խաղում էր Մխիթարյանը, թե այլ առաջնություններից: Մեզ ծանր հանդիպում է սպասվում»,- այսպիսի կարծիք էլ հայտնել է Մանոյանը: