«Ուրարտուի» հուսադրող մեկնարկը Սուպերլիգա 1-ում
Առաջին խաղում Տիգրան Գյոկչյանի սաները «Դինամո» մարզասրահում 89:93 հաշվով զիջել են «Ռյազանին»: Իրենց առաջին խաղում հայկական ակումբի բասկետբոլիստները բավականին լավ տպավորություն թողեցին: Դեռ զգացվում էր, որ թիմի բասկետբոլիստները միմյանց հետ խաղալու այդքան էլ մեծ փորձ չունեն, բայց գործում էին մեծ նվիրվածության ու սեփական երկրպագուներին ուրախացնելու ձգտումով:
Առաջին մրցափուլում թիմերը հիմնականում փորձում էին ծանոթանալ միմյանց հնարավորություններին: Արդյունքում մի փոքր առավելություն ուներ մրցակիցը ` 20:22:
Հանդիպման մեկնարկից «Ուրարտուի» կազմում լավագույնը ավագ Ամիրան Ամիրխանովն էր: Նա իսկական ավագի պես իր հետեւից էր տանում թիմը: Աստիճանաբար ակտիվացան նաեւ մյուս խաղացողները:
Թիմային խաղի շնորհիվ նրանց հաջողվեց առաջ լինել նաեւ մյուս 2 մրցափուլերում` 40:34 ու 61:57 հաշվով:
Հատկապես թեժ էր պայքարը հանդիպման վերջնամասում: Թեեւ «Ուրարտուն» 10 միավորի առավելություն ուներ, սակայն արագ կորցրեց այն ու հետապնդեղի դերում հայտնվեց: Խաղի ավարտից վայրկյաններ առաջ հաշիվը հավասար էր` 82:82, թիմերից ոչ մեկը չէր ցանկանում պարտված թողնել խաղահրապարակը:
Հանդիպումը տեղափոխվեց 5-րդ` որոշիչ մրցափուլ: «Ռյազանը» ավելի վստահ գործեց ու հաղթեց 93:89 հաշվով: