ՀՀԿ քաղաքական դպրոցը հայտարարում է ընդունելություն
«ՀՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանում գործելու է առաջին քաղաքական դպրոցը, եւ հետաքրքրվող բոլոր քաղաքացիները կարող են մինչեւ հոկտեմբերի 20-ը դիմել ընդունելության համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Աշոտյանը:
Նա հայտնել է, որ ՀՀԿ-ն դպրոցը բացելու որոշում է կայացրել, քանի որ «կարեւորում է հասարակության, երիտասարդ կադրերի մասնագիտական հմտությունների բարձրացմանն ուղղված անհրաժեշտությունը»:
Դպրոցն ունենալու է երկու տեսակի դասընթացներ՝ բազային եւ կարճաժամկետ:
«Դիմորդները պետք է ունենան բարձրագույն կրթություն կամ գտնվեն դրա ճանապարհին: Լինեն 20-40 տարեկան: Ընդունելությունը լինելու է մրցութային կարգով, ընտրվելու են 25 լավագույները՝ անկախ քաղաքական պատկանելությունից»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը:
Դասախոսելու են քաղաքական գործիչներ, փորձագետներ, ակադեմիկոսներ, Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող մասնագետներ:
Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ընդունելության կարգի եւ պահանջվող փաստաթղթերի մասին համապատասխան տեղեկատվությունը կտարածվի առաջիկայում: