Նախագահը ՊՆ-ում ներկայացրել է Վիգեն Սարգսյանին
ՀՀ նախագահն անդրադարձել է այն հանգամանքներին, որոնք հաշվի է առել այդ որոշումները կայացնելիս` «այդ համատեքստում Սերժ Սարգսյանը հանգամանորեն խոսել է նոր Սահմանադրությամբ պաշտպանության նախարարի, նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի դերակատարության մասին մեր երկրի պետական կառավարման համակարգում», հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը: Գնալով շատ ավելի մեծ կարեւորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարեւորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Մենք պարտավոր ենք շատ ավելի մոտիկից զբաղվելու ռազմական կրթությամբ եւ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ, բայց նաեւ պիտի հիշենք, որ մեր պարտավորությունները միշտ մնում են այն մարդկանց հանդեպ, ովքեր երբեւէ ծառայել են մեր զինված ուժերում: Նրանցից շատ-շատերը կա՛մ այսօր չկան, կա՛մ էլ ունեն հաշմանդամության կարգ: Ընդամենը մի քանի այսպիսի հատվածներ ասացի, բայց պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք է հատկացվի այս եւ նման այլ խնդիրների լուծմանը: Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ:
Համոզված եմ, որ Վիգեն Սարգսյանը գիտակցում է պատասխանատվության աստիճանը, եւ վստահ եմ, որ նա ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի եւ պատասխանատվությունը կրի պատվով: Իհարկե, ուզում եմ շնորհակալություն հայտնել Սեյրան Օհանյանին պաշտպանության նախարարի պաշտոնում երկարատեւ եւ տքնաջան աշխատանքի համար»,-ասել է Սերժ Սարգսյանը: