Կրթական համակարգը` նոր կառավարության ուշադրության կենտրոնում
Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը կառավարության ղեկավարը քննարկել է տնտեսության ներկայիս վիճակին, առկա խնդիրներին եւ զարգացման ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, արծարծվել են տնտեսական քաղաքականությանը, կառավարման արդյունավետությանը, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը, կրթությանը եւ գիտությանը, բանկային համակարգին եւ մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր: Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետին են ներկայացվել բարձրացված խնդիրների վերաբերյալ մի շարք առաջարկություններ:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական ապարատը պատկերացնում է որպես ճկուն, գործող թիմ եւ այդ նպատակով ձեռնամուխ է եղել կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների գործընթացին: Վարչապետի խոսքով՝ այդ փոփոխությունները լոկ անվանափոխության խնդիր չեն լուծում, այլեւ ենթադրում են լուրջ բովանդակություն եւ նպատակային գործառույթներ:
Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը՝ վարչապետը կարեւորել է նաեւ կրթության եւ գիտության դերը՝ որպես յուրաքանչյուր ոլորտի զարգացման հիմք, եւ շեշտել, որ նոր կառավարությունը լրացուցիչ թափ է հաղորդելու կրթական համակարգի բարեփոխումներին: Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է Հանրային խորհրդի անդամներին ներկայացնել կոնկրետ առաջարկություններ եւ ծրագրեր՝ տեսանելի արդյունքների գնահատմամբ: