Վարչապետը պետք է «քարտ բլանշ» ստանա, կարծում է փորձագետը
«Բալանսավորված արտաքին քաղաքականությունը շարունակվելու է: Հայաստանը փորձելու է համադրել իր հարաբերությունները ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ արեւմտյան երկրների հետ: Կառավարության կամ կառավարության որոշ անդամների փոփոխությունը Հայաստանի արտաքին քաղաքական այն դրույթները, որոնք, ըստ էության, 20 տարի գործում են, չի փոխելու»,-ասել է քաղաքագետը:
Նրա խոսքերով՝ էական է, թե ինչքանով են միջազգային գործընկերները ցանկանում ներգրավվածություն ունենալ Հայաստանում:
Անդրադառնալով Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, Սերգեյ Մինասյանն ասել է.
«Նա մարդ է, որը երկրի նախագահից պետք է ստանա «քարտ բլանշի» հնարավորություն: Գլխավոր խնդիրը, որը կանգնած է լինելու նրա եւ նոր կառավարության առաջ, հետեւյալն է`կատարել համակարգի բավականին լուրջ բարեփոխումներ: Այդ առումով Կարեն Կարապետյանի համար առաջիկա ամիսներին շատ դժվար է լինելու»,-ասել է քաղաքագետը:
Սերգեյ Մինասյանի կարծում է, որ նոր վարչապետի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ նա չի հանդիսանում գործող համակարգի մաս:
«Կան ակնկալիքներ, որ այդ իրավիճակում նրան ավելի հեշտ կլինի անել այն բարեփոխումները, որը նախ եւ առաջ պահանջում է հասարակությունը», - ասել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրենը: