Օզդեմիր. Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը բեկանման ենթակա չէ
«Գրեթե միաձայն Բունդեսթագը ճանաչել է հայերի ցեղասպանությունը: Ուստի միայն Գերմանիայի Բունդեսթագը կարող է այդ բանաձեւը տնօրինել, քանի որ հենց Բունդեսթագն է՝ որպես սահմանադրական մարմին, որոշում կայացրել այդ բանաձեւի բովանդակության եւ կառուցվածքի վերաբերյալ», - Մեդիամաքսի հետ զրույցում ասել է ազգությամբ թուրք գերմանացի խորհրդարանականը:
[[gallery1]]
Նա ընդգծել է, որ «Գերմանիայի Դաշնային կառավարությունը կիսում է այն տեսակետները, որոնք ներկայացված են բանաձեւում»:
Ջեմ Օզդեմիրը շեշտել է, որ բանաձեւի ընդունմամբ գերմանացի խորհրդարանականները առաջնային ցանկացել են ընդգծել, որ այսօրվա Գերմանիան ընդունում է 1915 թվականին տեղի ունեցածում Գերմանական կայսրության մեղքը եւ ձախողումը:
«Երբեք նպատակ չենք հետապնդել ինչ-որ կերպ մեղադրել Թուրքիայի ներկայիս իշխանություններին: Մենք հույս ունենք, որ Թուրքիան պատրաստակամություն կցուցաբերի եւ քննարկումներ կկազմակերպվեն այս թեմայով: Կարեւոր է, որ Հայաստանը եւ Թուրքիան զարգացնեն լավ եւ բարիդրացիական հարաբերություններ», - Մեդիամաքսին ասել է «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահը:
Ջեմ Օզդեմիրը «Օսմանյան կայսրությունում 1915 եւ 1916 թթ. հայերի ու մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի եւ դատապարտման մասին» բանաձեւի հեղինակն է: Բանաձեւը ձայների մեծամասնությամբ ընդունվել էր 2016 թվականի հունիսի 2-ին:
Վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ չի պատրաստվում «ետ քաշվել» Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւից: