Համայնքի ղեկավարի թեկնածու են գրանցվել 548 քաղաքացիներ
2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում:
Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:
2016 թվականի օգոստոսի 24-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների գրանցման ժամկետը: Սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի 552 առաջադրված թեկնածուներից գրանցվել են 548-ը: Ավագանու անդամի բոլոր 2 հազար 825 առաջադրված թեկնածուները գրանցվել են:
Օգոստոսի 24-ին` ժամը 18.00-ին, լրացել է նաեւ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից սեպտեմբերի 18-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ) անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնելու ժամկետը:
Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքը սահմանված կարգով ԿԸՀ են ներկայացրել իրենց հայտերը:
Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր 541 ՏԸՀ-ներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 36 ՏԸՀ-ներում, իսկ «Ժառանգություն» կուսակցության կողմից` մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում:
ՏԸՀ անդամների թափուր տեղերը սահմանված կարգով եւ ժամկետներում կլրացվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից: