Երուսաղեմի Պատրիարքը Գարեգին Բ-ին նոր նամակ չի գրել
Երեւան: Մեդիամաքս: Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանն այսօր «Արևելքի» հետ զրույցում հայտնել է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքը Ամենայն Հայոց կաթողիկոսին նոր նամակ չի գրել:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի կայքն այսօր ներկայացրել էր Երուսաղեմի Հայոց Պատրիարքի նամակը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որում Նուրհան Մանուկյանը Վեհափառին կոչ է արել կարգազուրկ լինել եւ «եկեղեցին փրկել կործանումից»: Մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Մեդիամաքսը, ներկայացրել էին նամակը՝ թյուրիմացաբար կարծելով, որ այն նոր է, քանի որ «Հայկական Ժամանակ»-ի կայքում ներկայացվել է 2016թ. օգոստոսի 25 ամսաթվով:
«Քանի որ վերջերս երկու նոր հոգևորականներ են կարգալույծ եղել, հին նամակը դրվել է Համացանցի վրա, հավանաբար կարգալույծ եղած հոգևորականներն են դա արել կամ այլ շահագրգիռ խմբեր: Հին նամակն է: Նոր նամակ չկա, պատրիարքի հին նամակն էլ այդ վերնագիրը չի ունեցել»,- նշել է դիվանապետը: