Բրազիլական ուրախ ռիթմերն ազդարարեցին Օլիմպիական խաղերի մեկնարկը
Երբ բացման արարողությանը հետեւում ես աշխարհի ամենամեծ ստադիոններից մեկում`70 հազար հանդիսականների հետ, ամեն ինչ չափազանց կախարդական ու հրաշալի է թվում:
Թեեւ բրազիլացիներն էլ ամեն ինչ արել էին խաղերին տպավորիչ մեկնարկ տալու համար: Լուսային հատուկ էֆեկտներն ու պատկերները առաջինն են, որ գրավեցին բոլորի ուշադրությունը, այնուհետեւ տանտերերը ցուցադրեցին իրենց պատմության մի քանի կարեւոր դրվագներ:
Հատուկ տեխնոլոգիաների շնորհիվ բեմահարթակը վերածվեց բրազիլական ծովափերից մեկին, հանդիսականների աչքի առաջ վեր խոյացավ ֆավելա, իսկ ամբողջ մարզադաշտով քայլեց ու իր գեղեցկությունը ցուցադրեց աշխարհահռչակ սուպերմոդել Ժիզել Բունդխենը:
Մի քանի պարային ու երաժշտական կատարումներից հետո բոլորիս ուշադրությունը սեւեռվեց մարզիկների շքերթին: Մեզ համար ամենակարեւորը, բնականաբար, Հայաստանի պատվիրակությունն էր: 35 հոգուց բաղկացած մեր թիմը շքերթի դուրս եկավ ինչպես միշտ Արգենտինայից հետո: Դրոշը տանելու պատիվը տրվել էր լողորդ Վահան Մխիթարյանին, ու նա հրաշալի կատարեց իրենց վստահված առաքելությունը: Հայկական դրոշը շատ բարձր էր ծածանվում «Մարականայում»:
Շքերթի ավարտից, ՄՕԿ-ի ու Բրազիլիայի օլիմպիական կոմիտեների նախագահների ելույթներից հետո, սկսվեց իսկական բրազիլական կառնավալը: Այն ստիպեց ամբողջ ստադիոնին ոտքի կանգնել ու նույն ռիթմերով ու տեմպով մասնակիցը լինել օլիմպիական խաղերին: Մի քանի րոպե բոլորս մեծ օլիմպիական ընտանիքի մի մասն էինք կազմում:
Մեկնարկը տրված է, «Մարականայում» վառվող օլիմպիական կրակն անմար է մնալու մինչեւ օգոստոսի 21-ը: Իսկ մարզիկներն էլ այսօրվանից սկսում են օլիմպիական մեդալների համար պայքարը:
Նախագծի գործընկեր