Ոստիկանների նկատմամբ կիրառված բռնության գործով ձերբակալված կա
Երեւան: Մեդիամաքս: Իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է մեկ անձ։
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ձերբակալվել է Երեւանի բնակիչ, 1978թ. ծնված Հ.Թորոսյանը»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հուլիսի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցին հարող Գլինկայի եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քարեր եւ այլ կոշտ առարկաներ նետելով նրանց ուղղությամբ։
Տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել ոստիկանության 6 աշխատակից, որոնք ճանաչվել էին որպես տուժող եւ հարցաքննվել։