Նիսում զոհվել է ՀՀ երկու քաղաքացի
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ տվյալներով, Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է Հայաստանի երկու քաղաքացի:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն էլ տեղեկացնում է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ում գործում է Նիսում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից տուժածների աջակցության միջգերատեսչական ծառայություն:
Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 00 33 (0) 1 43 17 56 46:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
«Խորապես ցնցված եմ Նիսում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության լուրից, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ֆրանսիան բարբարոսական գործողությունների թիրախ է դառնում արդեն երրորդ անգամ: Դրանք հարված են ոչ միայն Ֆրանսիային, այլեւ ողջ մարդկությանը: Սա նաեւ ազդակ է ավելի վճռականորեն համախմբելու մեր բոլորի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: