Գյումրիում կմեկնարկի «Մենք ենք, մեր ֆիլմերը» կինոփառատոնը
Այն հայկական ժամանակակից ֆիլմերի եւ մուլտֆիլմերի ցուցադրության նախագիծ է: Նախորդ տարի այն անցկացվել էր Ստեփանավանում:
Փառատոնի ծրագրում ներառված են վերջին երեք տարիների հայրենական արտադրության կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմեր, ինչպես վավերագրական, այնպես էլ գեղարվեստական, որոնք կցուցադրվեն Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում:
Այս տարի փառատոնը կունենա նաեւ ուսանողական ֆիլմերի ծրագիր, որը կցուցադրվի «Nancy» սրճարանում: Փառատոնի ընթացքում կլինեն նաեւ հայկական մուլտֆիլմերի ցուցադրություններ Գյումրու մանկապարտեզներում:
Կինոփառատոնի իրականացմանն աջակցել են «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ն, Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը, Գյումրու քաղաքապետարանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Nancy» սրճարանը, «X-Tech Creative Studios»-ը եւ «Arloopa»-ն:
Փառատոնի կազմակերպիչն է The NAME Production կազմակերպությունը:
Կինոփառատոնի բացումը տեղի կունենա հուլիսի 7-ին 19:00-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» ֆիլմով:
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: