ՀՀ-ն բարձր է գնահատում ԼՂ կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերը
Այս մասին նախագահն ասել է Երեւանում Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ:
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման ընթացքին, նաեւ մտքեր փոխանակել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների, ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ու գործընթացն առաջ մղելու հեռանկարի վերաբերյալ:
Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնախնդրի լուծմանը խաղաղ բանակցությունների միջոցով հասնելու ջանքերը եւ վստահեցրել, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել կառուցողական քայլերն ու համագործակցությունը՝ ի նպաստ խաղաղության հաստատման ու տարածաշրջանում անվտանգության ապահովման:
ՀՀ նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը համակարծիք են եղել, որ ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ այդ զարգացման շարժիչ ուժը երկկողմ քաղաքական կամքն ու հանձնառությունն են: Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջիկա ամիսներին հաջողությամբ կավարտվեն: